Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց մրցաշարի արդյունքները: Մասնագետն ընդհանուր առմամբ գոհ է մարզիկներից.
«Այս առաջնությունում ինձ գոհացրեց Սամվել Գասպարյանը: Նա մասնակցեց 105 կգ քաշային կարգում, որն իր քաշից բարձր էր: Սամվելին կփորձարկենք 94 կգ քաշային կարգում, որտեղ նա կարող է լավ արդյունքների հասնել: Կարուշ Ղուկասյանը նույնպես հուսադրում է: Մյուս ծանրորդները հանրապետության մակարդակով սովորական արդյունքներ ցուցադրեցին: Տարին նոր է սկսվում, այդպես էլ ակնկալում էինք»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Անդրադառնալով ազգային հավաքականի կազմին, մարզիչը նշեց, որ մի քանի խոստումնալից երիտասարդներ կրկին կլինեն գլխավոր թիմում.
«Հավաքականի նոր անդամներն իրենց խոսքն ասացին: Սամվել Գասպարյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արսեն Մարտիրոսյանը, Կարուշ Ղուկասյանը կհրավիրվեն հավաքների: Նրանք կպատրաստվեն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին»,- եզրափակեց Փաշիկ Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությանը չմասնակցեցին հավաքականի առաջատարները: Գլխավոր մարզչի խոսքով` նրանք դեռ նոր պետք է ցուցաբերեն իրենց կարողությունները:
ՀԱՕԿ լրատվության բաժին