ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵ’Ս

08:27 - 31 Հուլ, 2021

Ծանր, անքուն գիշեր անցկացրինք: Պատճառը առավոտ կանուխ Տոկիոյում կայանալիք Բաչկով-  Չալաբիև մենամարտն էր:

Ընդհանրապես ճիշտ չէ, երբ մրցումներում հայ –ազերական դիմակայություններն են ընդգծում  լրատվամիջոցները: Կարևորը մեդալակիր դառնալն է: Եվ  նման հույս մեզ ներշնչեց Հովհաննես Բաչկովը:

Գյումրեցին  կաշվե ձեռնոցի բարձրակարգ վարպետ է, բազում հաղթանակներ է տարել միջազգային պաշտոնական մրցումներում, ունի հարուստ մրցափորձ: Այս անգամ  նա գերազանցեց ինքն իրեն:  Հակիրճ լինելու համար ասենք, որ առաջին ռաունդից հետո, երբ կողային մրցավարները  նախապատվությունը տվեցին ադրբեջանցուն, Հովհաննեսը  դրանից զայրացավ ու ռինգում, երկրորդ ռաունդից սկսեց անել աներևակայելին:

Իր ցնցող հարվածներին  առավել  ուժգնություն հաղորդելու նպատակով ազերի մրցակցին ասես հարվածում էր աջ և ձախ ուսագոտիներով, ասել է թե՝  միայն չէր հարվածում ոտքերով: Այդքանով հանդերձ  մեր վարպետը  մրցակցին գերազանցեց կարգապահությամբ, ազնիվ պայքարում հաղթեց ու մտավ քառորդ եզրափակիչ փուլ:

Լավ  է, որ պատվասեր գյումրեցին հաղթեց և ապացուցեց իր բարձր կարգը: Այս պարագայում գլխավորն այն է, որ նա դրսևորեց հիրավի  անկոտրում կամք, ու նաև այն , որ ինքը իսկական  արժանապատիվ հայ տղամարդ է:  

Հետաքրքիր մի դիտարկում: Երբ մրցակիցներն արդեն ռինգում էին ու  դեռևս մարտավկաների մոտ էին , գյումրեցու անձնական մարզիչ Կարեն Ղազարյանը մի տեսակ շլացնող, ապշեցնող հայացք էր սևեռել  ազերական եռյակի վրա: Կարծում ենք մեր մասնագետի մարտական ու հաղթական հայացքից սանը քաջալերվեց , իսկ մրցակիցը   . . .

Շնորհակալություն քե’զ, Հովհաննես: Քո այսօրվա հաղթանակով  վարձահատույց եղար մեր անքնության համար, բարությամբ ու բարձր տրամադրությամբ սկսվեց մեր օրը:

Շարունակի’ր այդպես, սպասում ենք  օլիմպիական  հաղթանակներիդ:

 

Այլ նորություններ