Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը սկսեց ելույթները Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունում: Մեկնարկային խաղում հայ բասկետբոլիստները Խալկիդա քաղաքում 56:67 հաշվով զիջեցին ՆՀՀ Մակեդոնիային: ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ, ով գլխավորում է հայկական պատվիրակությունը Հունաստանում:
- Մեկնարկային խաղում Հայաստանը մոտ էր հաջողությանը Մակեդոնիայի դեմ խաղում, բայց խաղավերջում սկսեց զիջել եւ պարտություն կրեց: Ի՞նչ տեղի ունեցավ հայ երիտասարդների հետ:
- Հայաստանը շատ լավ հանդիպում անցկացրեց, սակայն խաղավերջում ֆիզիկական պատրաստվածությունը թույլ չտվեց հասնել հաջողության: Կան մի քանի պատճառներ, որոնք չեն կարող շրջանցել: Նախ, Հայաստանը 12-ի փոխարեն 10 խաղացողներով է ժամանել Հունաստան: Տարբեր պատճառներով հավաքականի հետ չեն Կարեն Չիվիչյանը եւ Պյոտր Ստեփանյանցը: Երկու խաղացողներն էլ շատ կարեւոր էին մեզ համար, բայց այսօր հավաքականում չեն: Պատճառների մասին այս պահին չեմ խոսի, այդ հարցին կանդրադառնանք առաջնության ավարտից հետո: Պահեստայինների նստարանը կարճացել է եւ դա ցայտուն երեւաց հենց խաղավերջում: Օրինակ, մեր ամենաբարձրահասակ խաղացողը՝ Սթիվեն Էնոչը, հանդես եկավ գրեթե առանց փոխարինման, քանի որ մարզիչները պարզապես չունեին նրան փոխարինող: Եթե Ստեփանյանցը լիներ հայտացուցակում, ապա հենց նա կփոխարիներ Էնոչին: Սթիվենը խաղավերջում բավական հոգնած էր… Նկատենք նաեւ, որ մակեդոնացիներն էլ 4-րդ քառորդում հիանալի դիպուկությամբ աչքի ընկան: Հատկապես հաջող ստացվեցին նրանց 3 միավորանոց նետումները, ինչն էլ բեկեց խաղի ընթացքը: Բացի կադրային խնդիրները, Հայաստանն այս կազմով պաշտոնական հանդիպման չէր մասնակցել, ինչը եւս չէր կարող անցնել առանց հետեւանքի:
- Ո՞րն էր պատճառը, որ այս կազմն առաջին անգամ դուրս եկավ ասպարեզ:
- Մեր կենտրոնականը՝ Սթիվեն Էնոչը, չէր կարող հավաքի սկզբից միանալ թիմին: Նա Երեւան ժամանեց հուլիսի 2-ին եւ մոտ 8 օր մարզվելուց հետո թիմի հետ մեկնեց Հունաստան: Ցավոք, հուլիսի սկզբին մրցակից գտնելը շատ բարդ էր, իսկ մինչ այդ կայացած խաղերում մարզիչները թիմին ասպարեզ են դուրս բերել առանց Էնոչի: Այժմ մարզիչներն ավելի հստակ պատկերացում կկազմեն, թե ինչ կարող են անել այս կազմով:
- Խմբային փուլում Հայաստանը դեռ 3 հանդիպումներ ունի անցկացնելու: Ի՞նչ սպասելիքներ ունեք մնացած խաղերից:
- Չնայած առկա խնդիրներին, թիմը կռվելու է յուրաքանչյուր խաղում եւ ոչինչ չի խնայելու լավ արդյունքի համար: Տղաները շատ նվիրված են գործում են: Մրցելու ենք Պորտուգալիայի, Չեռնոգորիայի եւ Վրաստանի հավաքականների հետ, որոնք շատ լավ թիմեր ունեն: Մի փոքր ավելացնելու դեպքում կարող ենք դրական արդյունք գրանցել:
- Ի՞նչ խնդիր է դրված հավաքականի առջեւ:
- Նախորդ տարի Հայաստանը B դիվիզիոնում գրավել է 12-րդ տեղը: Նվազագույն խնդիրն է՝ բարելավվել այդ ցուցանիշը: Երիտասարդական հավաքականի գլխավոր խնդիրներից մեկն է նաեւ ազգային թիմին կադրեր մատակարարելը: Նախորդ տարվա կազմից 4 խաղացողներ այս տարի ազգային թիմի կազմում ելույթ ունեցան Մոլդովայում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որտեղ մեր ընտրանին ոսկե մեդալների արժանացավ:
- B դիվիզիոնի առաջնությանը մասնակցում են միանգամից 21 հավաքականներ: Ի՞նչ կարող եք ասել մրցաշարի կազմակերպվածության մասին:
- Հունաստանի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որ մասնակիցները խնդիրներ չունենան: Ես բազմաթիվ նման առաջնությունների եմ ներկա գտնվել, սակայն կարող եմ ասել, որ հույներն ամենագեղեցիկ եւ տպավորիչ արարողությունն էին կազմակերպել: Առայժմ ամեն ինչ լավ է ընթանում:
ՀԱՕԿ լրատվության բաժին