ՀՈՒՆԻՍԻ 23․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՐ

10:30 - 23 Հուն, 2020

Այսօր  աշխարհը նշում է օլիմպիական խաղերի վերածննդի տարեդարձը։

1894թ․ հունիսի 23 –ին  Փարիզի Սորբոնի համալսարանում  անցկացվեց ֆիզիկական դաստիարակության միջազգային կոնգրեսը, որին մասնակցեցին 30 երկրների  պատվիրակներ: 

Համագումարում ներկայացվեց ֆրանսիացի մանկավարժ և հասարակական գործիչ Բարոն Պիեռ դը Կուբերտենի  բոցաշունչ ելույթը: 

Կոնգրեսը հավանության արժանացրեց Հին Հունաստանի անտիկ  օլիմպիական խաղերի  ավանդույթը վերականգնելու առաջարկը։

Նորաստեղծ  ՄՕԿ-ի առաջին նախագահ ընտրվեց հույն Դեմետրուս Վիկելասը։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնեց  Պիեռ դը Կուբերտենը: Որոշվեց սկսած  1896 թ., յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ  անցկացնել  օլիմպիական խաղեր ՝ աշխարհի բոլոր  երկրների պատվիրակների մասնակցությամբ: Բացի այդ, ներկաների միահամուռ ցանկությամբ, ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց  Աթենքը։ Անդրանիկ  մարզահանդեսում հայտավորվեցին  13 երկրների 311 մարզիկներ, որոնք  պայքարեցին 9 մարզաձևերում խաղարկված  մեդալների համար: 

Խաղերի ավարտից հետո Կուրբերտենը դարձավ ՄՕԿ –ի նախագահ / 1896 – 1900թթ․ / ։ Նա ՄՕԿ-ի պատվավոր նախագահ / 1925 – 1937թթ․ / մնաց  մինչև իր կյանքի վերջը: Խաղերի հիմնադիրը մահացավ Ժնևում՝ 1937-ին և հուղարկավորվեց Լոզանում, որտեղ  գտնվում  է ՄՕԿ-ի  նստավայրը: Նրա սիրտը իր իսկ ցանկությամբ  թաղված է առանձին ՝ Հին Օլիմպիայի ավերակների հարևանությամբ գտնվող հուշարձանում: 

Նույնիսկ ամենահայտնի մարզիկները, որքան էլ հաջող լինի իրենց մարզական կենսագրությունը , առանց օլիմպիական մեդալի իրենց նվաճումները լիարժեք չեն համարում։ Օլիմպիական չեմպիոնները, անշուշտ,  յուրաքանչյուր երկրի հպարտությունն են։

Հունիսի 23-ը համարվում է  միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ / ծննդյան օրը: 1967 թ․ ՄՕԿ –ը  այդ օրը պաշտոնապես հայտարարեց  միջազգային  օլիմպիական օր։

Հիշարժան տարեդարձի առթիվ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, շնորհավորում է մեր երկրի բոլոր օլիմպիականներին, չեմպիոններին, մրցանակակիրներին և նորանոր հաղթանակներ մաղթում  համաշխարհային գլխավոր մարզահանդեսներում։

Այլ նորություններ