Մեդալների քանակն ինձ համար անսպասելի էր. Հակոբ Սերոբյան

00:05 - 30 Մայ, 2016

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց առաջնության արդյունքներից, գնահատեց մարզիկների գրանցած արդյունքները:

-Պարոն Սերոբյան, արդյո՞ք սպասում էիք մեդալների նման առատություն:

-Ինձ համար շատ անսպասելի Էին այս մեդալները: Այո, մենք պատրաստվում ենք ամեն մրցաշարի լավագույնս ներակայանալ, բայց մեդալների այս քանակը իրոք անսպասելի էր: Հաճելի անակնկալ էր: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունում Եվրոպայի չեմպիոն ունենք:

-Ի՞նչ կասեք տղաների կատարած աշխատանքի մասին:

-Արթուր Դավթյանը կատարեց իր բարդ ցատկը, որը պատրաստում ենք Օլիմպիական խաղերի համար: Նա շատ լավ կատարեց այն: Կարող եմ ասել, որ նա ևս արժանի էր ոսկե մեդալի: Հարություն Մերդինյանը նույնպես իր բարդ վարժությունը կատարեց, բայց ոչ այնքան լավ: Օլիմպիական խաղերի ժամանակ մենք նման կերպ ներկայանալու իրավունք չունենք: Աշխատելու և հղկելու տեղ կա: Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը ներկայացան իրենց ուժերի առավելագույնով:

-Մարմնամարզության թիմը կուռ թիմի տպավորություն է թողնում, կարելի է ասել, որ սա թիմային աշխատանքի արդյունք է:

-Այո, իհարկե: Անպայման ցանկանում եմ նշել, որ այս մեդալները թիմային աշխատանքի արդյունք են: Ցանկանում եմ անուն առ անուն նշել՝ Սոս Սարգսյան, Հայկ Նազարյան, Արտյոմ Ավետյան և Կարեն Բաղդասարյան: Սա ընկերական մթնոլորտում աշխատելու արդյունքն է: Կարևորն այն է, որ հավաքականի տղաներն էլ ընկերներ են, այսպես ասած՝ մեկը մյուսով են:

 

Շվեյցարիա, Բեռն

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ