ՉԳՈՀԱՑՆՈՂ ՈՉ - ՈՔԻ

11:17 - 11 Հոկ, 2024

Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի   երրորդ տուրում Հայաստանի  ֆուտբոլի հավաքականը  հյուրընկալվեց Ֆարերյան կղզիների թիմին:  Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Մեր թիմից դիպուկությամբ աչքի ընկան  կիսապաշտպան Լուկաս Սելարայանը / 44 –րդ րոպեին / և հարձակվող Գոռ Մանվելյանը / 93 –րդ րոպեին/: Տղաների գոլերը վկայեցին, որ ֆուտբոլում կարևոր են հատկապես  տակտիկական խելացի մտածողությունը և համարձակությունը:

Անկարելի է չընդգծել Վահան Բիչախչյանի կատարած  տեխնիկական հնարքները: Մի դրվագում, նրա դեմն առնելու նպատակով, տանտերերն իրենց տուգանային հրապարակում վայր գցեցին պաշտպանների օղակը խճճող մեր ֆուտբոլիստին: Տուգանայինը իրացնելուց առաջ, Սելարայանը թիմակից Հովհաննես Հարությունյանին հասկացրեց տեղ զբաղեցնել  պատ  կազմածների շարքում: Ըստ էության, տանտերերն ապակողմնորոշվեցին, քանզի հարավամերիկյան ֆուտբոլի դպրոցի սան Լուկասը գնդակը վարպետորեն դարպասն ուղարկեց ոչ թե ցատկողների , այլ ՝ Հովհաննեսին հետևող անշարժ կանգնածների գլխավերևով:

Տպավորիչ էր նաև  հավաքականի կազմում երկրորդ խաղն անցկացրած Գոռի՝ սուր անկյան տակ կատարած գոլային հարվածը, որը համարձակության արդյունք էր:

Խմբում յոթ միավորով առաջատարն է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը: Նրանից երեք միավոր պակաս ունի երկրորդ տեղում ընթացող մեր ընտրանին:  

Այդուհանդերձ, գրանցված հաշիվը, կարծում ենք, չգոհացրեց մեր մարզասերներին:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 13-ին Երեւանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

 

 

Այլ նորություններ