Ետևում մնացին Փարիզում անցկացված օլիմպիական ամառային 33 –րդ խաղերը: Դա եզակի միջոցառում էր քաղաքի կենտրոնում տեղակայված մրցասպարեզներով, Սենա գետի վրա կայացած բացման հանդիսավոր արարողությամբ . . .
Իսկ ի՞ նչ է սպասվում չորս տարի անց՝ 2028թ. Լոս Անջելեսի մարզահանդեսում: Ի՞նչ տարբերակներ են փնտրում կազմակերպիչները:
Եթե Փարիզում կառուցվել է ընդամենը երկու նոր ասպարեզ, ապա 2028թ. խաղերի համար նորերը չեն կառուցվի։ Ի դեպ, կալիֆորնիական այդ քաղաքն արդեն հյուրընկալել է ամառային օլիմպիական խաղեր՝ 1932թ. և 1984թ. և այդ ժամանակից ի վեր օգտագործվում են հիմնական ենթակառուցվածքները:
Ամենահինը Լոս Անջելեսի հուշահամալիրի և Ռոուզ Բոուլ ֆուտբոլային մարզադաշտերն են: Դրանք կառուցվել են 1920-ականններին: Հետաքրքիր է, որ երկուսն էլ պատմության մեջ առաջինը կլինեն, որտեղ երեք խաղեր են անցկացվում:
Լողի մրցաշարը նախատեսված է Saw-Fi մարզադաշտում: Այն տեղավորում է մինչև 70 հազար հանդիսական: Սակայն նստելատեղերը կիսով չափ կկրճատվեն: Այնուամենայնիվ, դա օլիմպիական լողի պատմությունում ամենամեծը կլինի:
Լողափնյա վոլեյբոլի մրցումները, ի տարբերություն Փարիզի, կկայանան իսկական լողափում. Լոս Անջելեսի համար դա խնդիր չէ:
Քաղաքից դուրս՝ Օկլահոմայում, կանցկացվեն սոֆթբոլ և թիավարության սլալոմ մարզաձևերը:
Չի կառուցվի նաև օլիմպիական գյուղ: Մարզիկները կբնակվեն Կալիֆորնիայի համալսարանում։
Չնայած մարզահամալիրների շինարարության խնայողություններին, խաղերի բյուջեն առայժմ գնահատվում է 7 միլիարդ դոլար, ավելի քիչ, քան Փարիզում, թեև չորս տարի կա և դեռ շատ բան կարող է փոխվել:
Կազմակերպիչները որոշել են չսահմանափակվել մեկ տարբերանշանով / դրանք ավելի շատ կլինեն/: Հիմքում նույն՝ մեծ սև L տառն է և 28 թիվը, A տառը միշտ տարբեր է: Ի դեպ, պատկերագրերի ստեղծմանը մասնակցել են քաղաքի հայտնի բնակիչներն ու աստղերը. երաժիշտներ, արվեստագետներ, մարզիկներ և այլն։
«Փարիզ 2024»-ի կազմակերպիչները ցանկացան էկոլոգիապես մաքուր խաղեր անցկացնել. նրանք հրաժարվեցին օդորակիչներից: Լոսանջելեսցիները ցանկություն ունեն ավելի հեռուն գնալ. օլիմպիական խաղերն անցկացնել առանց մեքենաների:
Լոս Անջելեսը հաճախ անվանում են երթևեկության գերբեռնվածության մայրաքաղաք: Իսկ խաղերի ժամանակ զբոսաշրջիկների, երկրպագուների և պատվիրակությունների հոսքի պատճառով դա ավելի կվատանա, որովհետև հեշտ չի լինի մտնել մարզահամալիրներ: Քաղաքային տրանսպորտն այնքան էլ զարգացած չէ այնտեղ:
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը առաջարկում է համալիրներ գնալ միայն հատուկ ավտոբուսներով:
Լոս Անջելեսի բնակիչներին կառաջարկվի աշխատել հեռավար, որպեսզի կրճատվի երթևեկությունը:
Մրցումային ծրագրում կլինեն սքեյթբորդը, ժայռամագլցումը և սյորֆինգը, բայց Փարիզում նորամուտը նշած բրեյքդանսը չի ընդգրկվի: Կավելացվեն հինգ նոր մարզաձևեր՝ բեյսբոլ/սոֆթբոլը, կրիկետը, դրոշ - ֆուտբոլը, լակրոսը և սքվոշը: Բեյսբոլն ու սոֆթբոլը եղել են Տոկիո 2020-ում, / Փարիզում չկային /, լաքրոսը վերջին անգամ ՝ 1908թ., իսկ կրիկետը՝ 1900թ.: Առաջին անգամ օլիմպիական խաղերում կլինեն սկվոշն ու դրոշ ֆուտբոլը:
Նշված մարզաձևերը տարածված են ԱՄՆ-ում (բացի կրիկետից) և դա է խաղերի ծրագրում հայտնվելու հիմնական պատճառը: Կրիկետը երկրորդ ամենահայտնի մարզաձևն է աշխարհում՝ ֆուտբոլից հետո:
Ինչ վերաբերում է բռնցքամարտին, ապա այդ հարցում դեռևս չլուծված խնդիրներ կան: Վերջնական որոշումը կկայացվի 2025թ.:
Լոս Անջելեսում առաջին անգամ փորձարկվելու է ժամանակակից հնգամարտի նոր ձևաչափ՝ առանց ձիասպորտի, բայց արգելքների հաղթահարում մրցաձևով։
Ակադեմիական թիավարությունում կհայտնվի նոր մրցաձև՝ սպրինտ։ Առանձնահատկությունն այն է, որ մարզիկները կմեկնարկեն ցամաքում, հետո կնստեն նավակ, կնավարկեն ափով և կավարտեն ցամաքում։
Լոս Անջելեսի ամառային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2028թ. հուլիսի 14-ից՝ հուլիսի 30-ը։ Մեզ մնում է սպասել ևս չորս տարի: