Գրեթե ամեն օր հաճելի երաժշտություն է հնչում Փարիզի ծայրամասում գտնվող դատարկ անգարում: Այնտեղ պարողները հսկա հայելիների առաջ կատարում են մի քանի հատվածներ գերգաղտնի առօրյայից: Հանդիսականը նրանց աշխատանքի արդյունքը կտեսնի հուլիսի 26-ին, երբ Փարիզում տեղի կունենա օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Կազմակերպիչները հուզիչ ներկայացում են խոստանում, սակայն մանրամասները առայժմ չեն բացահայտվում։ Որոշ լրագրողներ, այնուամենայնիվ, կարողացել են մի քանի րոպե ներկա լինել փորձերից մեկին:
Նեոնային լույսերը և դիսկոտեկի գնդակները հակադրվում են անմխիթար, բայց հսկայական անգարի արդյունաբերական քաոսի հետ: Նման հսկայական տարածքն անհրաժեշտ էր փորձերի համար, քանի որ օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ բացման արարողությունը մարզադաշտում չի անցկացվելու: Փոխարենը, այն կձգվի Սենա գետի յոթ կիլոմետրանոց հատվածի երկայնքով: Հանդիսության ընթացքում ավելի քան 3000 արտիստներ կկատարեն պարային տարբեր համարներ:
- Խաղերի բացման արարողության ընթացքը ցույց կտա պարերն իրենց ամբողջ բազմազանությամբ: Նպատակը բրեյքդանսի, ժամանակակից և դասական պարերի խաչմերուկն է, - ասել է ֆրանսիացի պարուսույց Մոդ Լե Պլադեկը։