Բոուլինգի մրցաշար՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև

14:00 - 27 Փետ, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և  «Առավոտ» օրաթերթի կազմակերպած սպարտակիադայի շրջանակներում ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրենց ուժերը չափեցին բոուլինգում:

Թեպետ մասնակցության հայտներն այս տարի աննախադեպ էր, սակայն մրցաշարին մասնակցեցին 30 լրագրող: «Նմանատիպ մրցաշարարի նպատակն առողջ ապրելակերպի քարոզումն է: Քանի որ լրագրողները հիմնականում համակարգչի դիմաց են, սա ևս մի առիթ է սպորտով զբաղվելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց «Առավոտ» օրաթերթի մարզական լրագրող, մրցաշարի կազմակերպիչ Աշոտ Հակոբյանը:

Ողջունելով մասնակիցներին և պարգևատրելով մրցանակակիրներին՝ ՀԱՕԿ կոմերցիոն բաժնի ղեկավար Մանե Մուրադյանը փաստեց. «Նախ կցանկանային շնորհակալություն հայտնել հետաքրքիր խաղի համար: Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը: Այս կերպ մենք տեսնում ենք ձեզ մրցելիս ոչ միայն լրատվական հարթակում, այլ նաև սպորտի ասպարեզում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանը միշտ ողջունում է նմանատիպ սպորտային միջոցառումների կազմակերպումն և անցկացումը: Մենք միշտ պատրաստ ենք աջակցելու ձեզ»:

Բոուլինգի մրցաշարի տղամարդկանց պայքարում հաղթեց Սևակ Գրիգորյան («Newspress.am»), երկրորդ տեղում Աշոտ Հակոբյանն է («Առավոտ» օրաթերթ), իսկ եռյակը եզրափակեց Մհեր Ղալեչյանը («Չորրորդ իշխանություն»): Կանանց պայքարում լավագույն արդյունք գրանցեց Մարինե Կարապետյանը («Երկիր Մեդիա» հեռուստատեսություն), երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Անուշ Աղաբաբյանը («Bowling.am») և Անահիտ Գրիգորյանը («Առավոտ» օրաթերթ):

Հաղթողները ստացան դրամական պարգևներ: Մրցաշարն անցկացվում է 4-րդ տարին անընդմեջ: 


ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ