Հայաստանի ազատ ըմբշամարտի պատանեկան , երիտասարդական և մեծահասակների հավաքականները նախապատրաստական մարզումներ և հավաքներ են անցկացրել: Հերթը արդեն ստուգողական մրցաշարերինն է, որոնք ցույց կտան կատարված աշխատանքների որակը:
Մեծահասակների թիմի մի մեծ խումբ, մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ, մեկնել է Իրան ու ներգրավվել է այսօր մեկնարկած << Թախթիի գավաթ >> անունը կրող միջազգային խոշոր մրցաշարում: Իսկ առաջատարների եռյակը / Արսեն Հարությունյան ՝ 61 կգ , Վազգեն Թևանյան ՝ 65 կգ և Արման Անդրեասյան ՝ 70 կգ / հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ կմասնակցի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունիսի 5 – 9 –ը անցկացվելիք միջազգային մրցաշարին: Այդ ստուգատեսը կարելի է անվանել նաև աստղերի մրցաշար, որովհետև հայտավորված 313 ըմբիշներից 134 –ը, նրանց թվում ՝ մեր Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, արդեն նվաճել են Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք: Եթե հավելենք որ մրցագորգ կելնեն նաև աշխարհի և օլիմպիական խաղերի բազմաթիվ վարպետներ, ապա պարզ կդառնա, որ գոտեմարտերը կանցնեն դիտարժան և թեժ պայքարում:
Հունիսի երրորդ տասնօրյակում իրենց ունակությունները կդրսևորեն նաև Սերբիայում կայանալիք Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների մասնակիցները: Այդ միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: