ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՄՀՀ –Ն ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

11:07 - 05 Ապր, 2023

Այս օրերին աշխույժ եռուզեռ է տիրում Ծիծեռնակաբերդի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այնտեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Երևանում ապրիլի 14 –ին սկսվող Եվրոպայի տղամարդկանց և կանանց ծանրամարտի առաջնության համար:

Չենք կասկածում, որ մրցումների կազմկոմիտեն լիովին պատրաստ կդիմավորի մասնակիցներին:

Հարազատ մարզասերների սպասելիքները արդարացնելու նպատակ ունեն նաև մեր հավաքականները: Գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի / տղամարդկանց թիմի / և Արտաշես Ներսիսյանի / կանանց թիմի / համակազմերը կներկայացնեն բոլոր քաշային կարգերը:

Մասնագետները նշում են, որ ծանրորդները ջանադրաբար են պարապում, մարզիչները անհատական աշխատանքներ են տանում, որպեսզի մրցողները լավագույն մարզավիճակով ելնեն ծանրահարթակ:

Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14 –ին, իսկ հաջորդ օրը ծանրաձողին առաջինը կմոտենան 45 կգ, 49 կգ և 55 կգ քաշային կարգերը ներկայացնող մարզուհիները:

Ծանրամարտի սիրահարները  10 օր շարունակ ականատես կլինեն Եվրոպայի ուժեղագույն վարպետների մրցելույթներին, որոնցում տեխնիկականից բացի կդրսևորվեն տակտիկական հմտությունները և բարոյակամային որակները:

Կարծում ենք, որ երևանյան ստուգատեսում կգրանցվեն նաև տարբեր տրամաչափի ռեկորդներ:

 

Այլ նորություններ