ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՆՇԱՆԱՌՈՒՆԵՐԻ ՄՐՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

11:37 - 14 Հուն, 2024

<< Փարիզ – 2024 >>  – ի  մարզահամալիրներից այսօր ներկայացնենք Շատորույի  հրաձգության ազգային կենտրոնը, որը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքից շուրջ  270 կմ հարավ և արագընթաց գնացքով կարելի է հասնել 2 ժամ 15 րոպեում։

Համալիրի  հիմքը դրվել է 2016թ.  մարտի 31-ին և շահագործման է հանձնվել 2018թ:  Այն լավագույն կենտրոններից է ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում `  շնորհիվ իր հարմար ենթակառուցվածքի։

2022թ. տեղում կառուցվել է լրացուցիչ մարզասրահ՝ առաջիկա օլիմպիական խաղերի համար։

Ընդհանուր առմամբ այս տարվա ամառային մարզահանդեսի  հրաձգության մրցումներում 340 մարզիկ – մարզուհիներ կպայքարեն մեդալների 15 հավաքածուի համար։ Համալիրը նախատեսված է 3000 հանդիսականի համար։

Տրիբունաներում հաստատ տեղ կունենան նաև հայազգի մարզասերներ: Նրանք կհետևեն մարզաձևում մեր երկրի միակ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանի ելույթին:

Մարզասերները երևի չեն մոռացել, որ Կահիրեում անցկացված աշխարհի առաջնությունում  Էլմիրան 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակով, 10մ  60 կրակոցով 600 հնարավորից վաստակեց 582 միավոր և առաջին իսկ փորձով նվաճեց օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր:

Ցանկանում ենք,  որ մարզական երկարակեցությամբ, հաղթանակներով և ռեկորդային ցուցանիշներով Էլմիրան իր երկրորդ օլիմպիական խաղերում  նմանվի համաշխարհային մեծ ճանաչում ու  հեղինակություն ունեցած,  Հայաստանի կանանց սպորտի խորհրդանիշ, երևանցի  Զինաիդա Սիմոնյանին:

 

 

Այլ նորություններ