ՀԱՄԵՐԱՇԽ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

15:07 - 28 Սեպ, 2021

Մարզական հեևքն է թևածում Օլիմպավանի մարզասրահներում: Ամենուրեք եռում է ջանադիր աշխատանքը: Ուշագրավ են հունահռոմեական ըմբիշների գործողությունները:

Նախավարժանքից հետո ազգային հավաքականի մարզիչները  տղաներին բաժանում են առանձին խմբերի  և անցնում  տարատեսակ, բովանդակային պարապմունքների:  Իրար են հաջորդում բռնվածքներ, չորեքթաթ վիճակներ, տարբեր գցումներ՝ ամենատարբեր դիրքերից և այլն:

Դիտարժան են փորձնական գոտեմարտերը: Մասնակիցները, որքան էլ զարմանալի է, տարբեր քաշային կարգերի ըմբիշներ են: Ըստ էության այդկերպ մասնագետները բարելավում են մարզիկների դիմացկունության, մարտունակության որակները և զարգացնում կամային հատկանիշները:

Իսկապես հետաքրքիր  պարապմունք է և ժամանակը կարծես թռչում է: Եվ ահա ավարտվեց մարզման վերջին փուլը ու  գոհունակության ժպիտը ողողեց  գլխավոր մարզիչ Էդվարդ Սահակյանի դեմքը:  

-Երևի գոհ եք տղաների ընդհանուր լավ մարզավիճակի համար, - դիմում ենք գլխավոր մարզչին:

-Երբ հավաքականում մթնոլորտը լավ է, նշանակում է տղաների տրամադրությունը բարձր է, մարտական, ասաց մեր զրուցակիցը: - Աստիճանաբար  ըմբիշները մոտենում են լավագույն մարզավիճակին: Կարծում եմ մեր թիմի բոլոր անդամները լուրջ պայքարի կբռնվեն մրցակիցների դեմ և,  ինչպես ասում են՝ ատամ ցույց կտան: Եթե ամեն բան հաջող ընթանա, ապա մեր սաներից նույնպես աշխարհի առաջնության մեդալակիր կդառնան:

Հավաքականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո ՝ աշխարհի առաջնություն կուղեկցենք հոկտեմբերի 5 –ին, իսկ կվերադառնանք վեց օր հետո՝ ամսի 11 –ին: Ձգտում ենք հուսախաբ չանել մարզասերներին և ինքներս մեզ:

Մարզչական կազմը թիմ է  ընդգրկել է հետևյալ ըմբիշներին. Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրայր Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Այլ նորություններ