Տարբեր ոլորտների նման, հայրենական սպորտում նույնպես վարժվում են աշխատել թագավարակի պայմաններում։ Բացօթյա մարզաձև է լողափնյա վոլեյբոլը և պարետատան ընձեռած հնարավորությամբ անցկացվեց տղամարդկանց և կանանց ՀՀ առաջնությունը։ Մրցումները տեղի ունեցան անհրաժեշտ բոլոր պայմաններն ունեցող << Գրանդ սպորտ >> մարզահամալիրում։
Հինգ օր տևեց տղամարդկանց 12 և կանանց 10 թիմերի մասնակցությամբ համապետական ստուգատեսը։ Մրցակարգով թիմերն իրենց հնարավորությունները դրսևորեցին նախ՝ ենթախմբերում ,ապա երկուական առաջատարները միմյանց միջև, օլիմպիական մրցակարգով, վիճարկեցին ուժեղագույնի կոչումը։
Լավագույն եռյակները դասավորվեցին հետևյալ հաջորդականությամբ․ տղամարդիկ ՝ ՖԻՄԱ, ԲԿՄԱ, ՖԻՄԱ – 3։ Կանայք՝ << Վիվառո – բեթ >>, << Վան >> , << Վան – 2 >>։ Բոլոր մրցանակակիրները երևանյան գրանցում ունեն։
Կանանց լավագույն եռյակը կմասնակցի Երևանում սեպտեմբերին անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, իսկ տղամարդկանց թիմերը պայքարի կբռնվեն տարիքային տարբեր խմբերի Եվրոպայի առաջնություններում։ Ի դեպ, հուլիսի 14 –ին Երևանում կմեկնարկի մինչև 22 տարեկանների Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնությունը։