Իրանի Մազանդարան քաղաքում անցկացվեց խճուղային հեծանվավազքի միջազգային երիտասարդական մրցաշարը: Մասնակցեցին միջկասպյան ինը երկրների ներկայացուցիչներ, նրանց թվում ՝ Հայաստանի թիմը: Ասենք, որ մեր հավաքականը համալրված էր պատանի հեծանվորդներով:
Եռօրյա պայքարում մասնակիցները հաղթահարեցին հաջորդաբար 54 կմ., 70 կմ. և 87, 5 կմ. մրցատարածություն: Վերջին ինը կմ. տարածությունը ուներ 16 տոկոս թեքության վերելք: Եվ նման դժվարին պայքարում մեր պատվիրակները իրենցից 2 – 3 տարով մեծ մրցակիցների դեմ մրցությունում պատվով քննություն հանձնեցին: Այս մասին զրույցի ժամանակ ասաց մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ, հեծանվային սպորտի օլիմպիական հանրապետական ՄԴ –ի ուսումնական մասի վարիչ Գրիգոր Համբարձումյանը: Հետաքրքիր է, որ մեկնարկում, ծովի մակերևույթից 700մ. բարձրություն ունեցող 87, 5 կմ ճանապարհը եզրագծում արդեն ուներ 2700մ. բարձրություն, այն էլ՝ 16 տոկոս վերելքներով: Թթվածնի խտության նման մեծ տարբերությամբ մրցումային առաջադրանքը կարողացան հաղթահարել մեր հեծանվորդները:
Անհատական մրցավեճին մասնակցած 44 մասնակիցների միջև Հայաստանի հինգ տղաներից Նարեկ Մանուկյանը 11 –րդն էր, իսկ նրա թիմակից Էդգար Գրիգորյանը ՝ 19 –րդը, որը նույնպես վատ ցուցանիշ չէ:
Երկու օր հետո, մայիսի 23 26 –ը տեղի կունենա խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը: Լավագույնները կհամալրեն երկրի գլխավոր թիմը, որը կնախապատրաստվի Գերմանիայի Կոտբուս քաղաքում հուլիսի 9 – 14 –ը կայանալիք հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությանը: Այնուհետև հավաքականը Չինաստանում կմասնակցի օգոստոսի 21 –ին սկսվելիք աշխարհի առաջնությանը: