Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի առաջնության եզրափակիչում միմյանց հետ մրցեցին «Ֆոքսիս» - ԲԿՄԱ թիմերը: Մրցակիցներից բացի, ներկաները նույնպես որոշ չափով նախամեկնարկային տենդ ապրեցին: Չէ որ խաղադաշտում պայքար էր ընթանալու երկրի չեմպիոնի և խաղարկված ոսկե մեդալների համար:
Ենթադրությունը ճիշտ էր: Թերևս արժե նշել, որ ամբողջ հանդիպման ընթացքում կողմերի խաղացողները գնահատելի պատրաստականություն դրսևորեցին:
Կարծում ենք, որ ընդհանուր համապատկերում զգալի դեր կատարեց, կասեինք` տակտիկական առավել ճկունություն դրսևորեց բանակային մարզիկների գլխավոր մարզիչ Վարդան խաչատրյանը, որը ճիշտ հրահանգներով հուսալի դարձրեց իր թիմի պաշտպանությունը: Բացի այդ, երեք միավորանոց դիպուկ նետումներով ներկաների բուռն ծափերին բազմիցս արժանացավ բանակայինների առաջատար Ալբերտ Թադևոսյանը: Խաղադաշտում նա վաստակեց բոլորից շատ ՝ 36 միավոր: Ալբերտը նաև ութ անգամ արդյունավետ, « գոլային » փոխանցում կատարեց ու հինգ անգամ էլ տիրեց օղակից անդրադարձած գնդակին:
Արդեն հասկանալի է, որ հաղթեցին երիտասարդ բանակային մարզիկները / 112 : 91 /, որոնք գերազանցեցին նաև արագությամբ:
Բրոնզե պարգևներին արժանացավ «Էրեբունին», որը հաղթեց «Ուրարտուին»՝ 119 : 88:
Շնորհավորում ենք ՀՀ չեմպիոնին, արծաթե և բրոնզե մեդալակիրներին ու հաջողություն մաղթում հետագա ստուգատեսներում: