Հունաստանում ներկայացվել է « Փարիզ - 2024 » օլիմպիական ջահի վառման արարողության նոր քրմուհին, որի դերում հանդես կգա Մերի Մինան: Նա հույն դերասանուհի է և նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում։
Միջոցառման ժամանակ դերասանուհին ասել է, որ իր համար մեծ պատիվ է մարմնավորել քրմուհու դերը:
Ներկայացվել են նաև աշխարհահռչակ դիզայներ Մարի Կատրանցուի ստեղծած մյուս քրմուհիների հնագույն զգեստների ձևափոխված դիզայնը, որոնք տարբերվում են նախորդներից:
Գլխավոր քրմուհին ապրիլի 16 –ին կրակը կփոխանցի առաջին ջահակրին՝ թիավարությունից օլիմպիական չեմպիոն Ստեֆանոս Դուսկոսին, որից հետո այն փոխանցավազքով կանցնի Հունաստանի տարածքով:
Ապրիլի 26-ին կրակը Աթենքում կհանձնվի Փարիզի խաղերի կազմակերպիչներին: Կրակը «գիշերելու է» Ֆրանսիայի դեսպանատանը։ Հաջորդ օրը ջահը Le Belem 120-ամյա եռակայմ առագաստանավով կուղևորվի Ֆրանսիա և մայիսի ութին կլինի Մարսելում:
Ֆրանսիայում նախատեսված փոխանցավազքը կտևի 68 օր և կավարտվի հուլիսի 26-ին՝ խաղերի բացման արարողության ժամանակ:
Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 135 օր: