ԴԻՏԱՐԺԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

15:57 - 25 Հուն, 2024

Երևանում անցկացված ՀՀ բռնցքամարտի առաջնության եզրափակիչ հանդիպումները արդարացրին մասնագետների սպասելիքները:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ընդգծեց, որ մենամարտերն անցան անզիջում պայքարում և դա լարվածության մեջ պահեց նույնիսկ մարզիչներին: Ավելին, գրանցվեց նաև նոկաուտ: Դա անակնկալ էր, քանզի 80 կգ քաշային մրցակիցները փորձառու վարպետներ են և մինչև երրորդ ռաունդ անհաշտ մրցակցություն ծավալեցին միմյանց դեմ: Այնուամենայնիվ, Եվրոպայի գործող փոխչեմպիոն, երևանցի << ձախլիկ >>  Ռաֆայել Հովհաննիսյանը  ցնցող հարվածով հավասարակշռությունից հանեց ախուրյանցի Համբարձում Հակոբյանին, ժամանակից շուտ հաղթանակ տոնեց և նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը: Նման պատվի արժանացան նաև  Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արսեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63, 5կգ), Արարատ Հարությունյանը ( 67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ),  Համլետ Հարությունյանը (86կգ), Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը ( + 92 կգ)։

Հավաքականը հունվարի 29 –ից Ծաղկաձորում երկշաբաթյա հավաք կանցկացնի: Այնուհետև ընտրանին կիջնի Երևան և Օլիմպավանում կշարունակի ուսումնամարզական  գործընթացը:

Ավանդույթներով հարուստ հայկական բռնցքամարտի դպրոցը մեծ համարում նաև հարևան Իրանում: Հանգամանքը գնահատելով, այդ երկրի՝ միայն օլիմպիական քաշային կարգի մարզիկները  ( 51 կգ , 57 կգ, 63,5 կգ, 71 կգ, 80 կգ, 92 կգ և գերծանր  քաշ ) տանտերերի հետ համատեղ պարապմունքներ կանցկացնեն: Կհաջորդի չափազանց կարևոր ՝ վարկանիշային մրցաշարը, որը կանցկացվի Իտալիայում՝ փետրվարի 29 –ից:

 

Այլ նորություններ