ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ ՆԱԵՎ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴԸ

11:27 - 15 Դեկ, 2023

Ընթացիկ մրցաշրջանը գերազանց գնահատականով ավարտեցին Հայաստանի ծանրորդները:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված օլիմպիական արտոնագրային մրցաշարում մեր հերկուլեսներից վերջինը ասպարեզ ելան  գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը   և Սիմոն Մարտիրոսյանը: Վարազդատը երկամարտում հաղթող ճանաչվեց 441 կգ / 200 կգ + 241 կգ /, իսկ Սիմոնը փոխչեմպիոն դարձավ  430 կգ / 190 կգ + 240 կգ / արդյունքով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հեռախոսով տեղեկացրեց, որ տղամարդկանց թիմը գրավեց երրորդ , իսկ կանանցը՝ վեցերորդ տեղը: Նա ափսոսում է, որ հավաքականի անդամ, 102 կգ քաշային  Սամվել Գասպարյանը հիվանդության պատճառով անկարող եղավ ելնել պայքարի:

Հայաստանի օգտին  մեր մարզիկ –մարզուհիները երկամարտում նվաճեցին երկու ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ:

Ծանրորդների համար օլիմպիական վարկանիշային հերթական մրցաշարերը կհանդիսանան եկող տարվա  փետրվարին Բուլաղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը և Թաիլանդում ապրիլին նախատեսված աշխարհի գավաթի խաղարկությունը:

Հայաստանի պատվիրակները հայրենիք կվերադառնան այս գիշեր:

 

Այլ նորություններ