ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

16:27 - 06 Նոյ, 2023

Լոս Անջելեսի ամառային օլիմպիական խաղերում  ( 2028թ. ) ծանրամարտը իր արժանի տեղը կունենա մրցումների ծրագրում: Դա մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ահռելի ջանքերի ներդրման արդյունքն  է՝  դոպինգի դեմ պայքարում:

Այս մրցաշրջանում  Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում  տեղի ունեցած աշխարհի առաջնությունը վկայում է ասածը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (  IWF ) տեղեկացնում է,  որ Ռիադում ստուգված 61 երկրների 213 մարզիկների մոտ դոպինգի դրական  արդյունք չի գրանցվել (  ընդհանրապես համաշխարհային առաջնությանը մասնակցել   են 692 ծանրորդներ ):

Ստուգատեսը  2024թ.  Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի որակավորման ճանապարհին երկու պարտադիր իրադարձություններից մեկն էր:

Միջազգային թեստավորման գործակալությունից ( ITA ) դրական զեկույցը ստանալով,  IWF-ի նախագահ Մոհամեդ Ջալուդը և  գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն գովասանքի նամակ են հղել  բոլոր ազգային  ֆեդերացիաներին:

Նամակում  երախտագիտություն են  հայտնել  մասնակից ֆեդերացիաներին, մարզիկներին, մարզիչներին, պաշտոնյաներին և բոլոր շահագրգիռ կողմերին՝  մաքուր և արդար մրցակցության   համար:

Առաջընթացի գործում անուրանալի են  ՄՕԿ –ի համապատասխան հանձնաժողովի հանձնարարականները IWF-ին: Արդարացի պահանջ –առաջադրանքները  դժվարին էին, բայց  մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետևողական աշխատանքների շնորհիվ, հատկապես աշխարհի առաջնությունը,  պարտավորության ամենավերջին և շոշափելի ապացույցը հանդիսացավ:

 

Այլ նորություններ