Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան / FIG / հայտարարել է տարվա օրացուցային ծրագրում կատարված կարևոր փոփոխության մասին: Խոսքը վերաբերում է Քաթարի Դոհայում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի անցկացման ժամկետին։ Այն առանձնանում էր այնքանով, որ մրցանակներից բացի խաղարկվելու էին նաև օլիմպիական ուղեգրեր: Ստուգատեսը պետք է անցկացվեր մարտի 10-13-ը: Նոր ժամկետի մասին ֆեդերացիան կհայտարարի ավելի ուշ:
Փոփոխության կապակցությամբ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեզ հետ զրույցի ժամանակ հաստատեց փաստը: Նա նաև մտահոգ էր: Նախ՝ Դոհան որպես մրցավայր և ամենամյա միջազգային ավանդական մրցաշարի կազմակերպիչ երկիր հարմար վայր է, մանավանդ ,որ մեր տղաները ավանդաբար հաջողության են հասնում այդ մրցումներում: Խնդիր է նաև նախապես ձեռք բերած ինքնաթիռի տոմսերի վերադարձի հարցը:
Գլխավոր մարզիչը թևաթափ չի լինում և պարապմունքները կշարունակվեն: Ավելին, բոլոր առաջատարները կմասնակցեն փետրվարի 23 –ին Երևանում սկսվող Հայաստանի առաջնությանը: Փաստը գոհացնում է մասնագետներին, որովհետև անվանիների հետ մրցելը, նրանցից սովորելը կխթանի մասնակիցների վարպետության առաջընթացին և մրցափորձի հարստացմանը: