Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մեծ հուզմունքով և հպարտությամբ, իրեն բնորոշ համեստությամբ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց չեմպիոնության և առաջիկա պլանների մասին: Նազիկն իսկապես շատ հպարտ էր կրկին Եվրոպայի չեմպիոն դառնալու համար, հպարտ էր, քանի որ իր հաղթանակը կարող էր նվիրել սահմանին կանգնած հայ զինվորներին: Հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ Նազիկի ընտանիքի անդամները չեն դիտել հեռարձակումը, քանի որ եկեղեցում են եղել:
-Նազիկ, այս հաղթանակդ նման էր փյունիկի պես մոխրից հառնելու: Այդպես չէ՞:
-Վերջին անգամ 8 տարի առաջ էի Եվրոպայի չեմպիոն դարձել: 2009 թվականից սպորտի մեջ չէի: Վնասվածքները հաջորդում էին մեկ մեկու, այնուհետ ավտովթարը եղավ, որից հետո հեռացա մեծ սպորտից: 2015 թվականից նորից մարզվում էի: Ես չէի մտածում Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին: Առաջին հերթին մտածում էին մոտեցումներս լավ անելու մասին: Ես իսկապես էմոցիոնալ առումով շատ բուռն մրցաշար ունեցա: Ոչ մի մրցաշարում հաղթելիս այսպիսի զգացողություն չեմ ունեցել, գուցե նրանից է, որ այն ժամանակ երեխա էի, հաղթանակի բերկրանքը չէի վայելում մինչև վերջ: Շատ շատերը չէի հավատում, որ կարող էի լուրջ արդյունք գրանցել: Ես ուժ էի ստանում սահմանին կռվող մեր զինվորներից, անկեղծ եմ ասում: Նրանք կյանքի և մահու պայքար են տալիս և չեն վախենում, ես էլ ինչից պիտի վախենայի ես: Անընդհատ այդ մտքերի մեջ էի, որ մենք քանակով քիչ ենք ադրբեջանցիների համամետ, ոչ նույնաչափ զենք ունենք, բայց հաղթում ենք: Իսկ մարզիկներիս համար ամեն պայման ստեղծված է, էլ ինչո՞ւ պիտի չհաղթենք: Ես մեր զինվորների ցավը տանեմ: Ես միայն շնորհակալություն կարող եմ հայտնել հայ զինվորին, որ կանգնած են մեր սահմանին:
-Արդյո՞ք այս մրցաշարում տրամադրվածությունդ մեծ դեր ունեցավ:
-Այս Եվրոպայի առաջնությունում բարձրացրածս քաշերը անում էի նաև մարզումների ժամանակ: Երբ նախնական արդյունքներին ես նայում, ոչ մեկ չի ներկայացնոում այն, ինչը որ կարող է բարձրացնել: Կարծում եմ յուրաքանչյուր մարզիկ ունի վախի չնչին զգացում:
-Իհարկե դեռևս շուտ է Օլիմպիական խաղերի մասին խոսել, սակայն, այդ կերպ շարունակելու դեպքում մենք մեդալի համար պայքարելու հնարավորություն ունե՞նք:
-Երբեք չեմ խոսել ապագա պլաններիս մասին: Առաջ Աստված: Իհարկե, ինքս իմ մեծ նպատակներ ունեմ, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ: Չկա մի մարզիկ, ով չի երազում Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին, նրանց թվում նաև ես:
Նորվեգիա, Ֆորդե
ՀԱՕԿ լրատվության բաժին