ՖԻԲԱ – Ի ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

11:27 - 28 Օգո, 2023

Մանիլայում կայացել է բասկետբոլի միջազգային ասոցիացիայի  / ՖԻԲԱ / 22-րդ կոնգրեսը: Աշխատանքներին մասնակցել է  նաև ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: Այս առթիվ նա  զրուցել  և մանրամասներ է ներկայացրել կոնգրեսի աշխատանքներից ու  Ֆիլիպինների մայրաքաղաքում ունեցած հանդիպումներից:

– Դուք առաջին անգամ չեք մասնակցում նման միջոցառումների: Ինչո՞վ էր այս Կոնգրեսն առանձնանում նախորդներից:

– Իհարկե, Կոնգրեսի ընթացքում խոսվեցին շատ կարևոր թեմաներից և քննարկվեցին բասկետբոլի ռազմավարության մի շարք հարցեր, սակայն այստեղ շատ կարևոր է նաև, որ աշխարհի տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ միմյանց հետ հանդիպումներ են ունենում, փոխանակվում են փորձով, իրենց հուզող հարցերն են ուղղում ՖԻԲԱ-ի ղեկավարներին: Կարող եմ ասել, որ այս Կոնգրեսն ավելի օգտակար էր Հայաստանի համար, քան նախորդները, քանի որ ներկայումս ավելի մեծ ծրագրեր ունենք, իսկ Հայաստանի հավաքականը փետրվարից սկսում է ելույթները Աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում ավելի է բարձրացել, ինչին նպաստեց նաև այն, որ հունիսին Լոս Անջելեսում ընկերական հանդիպումներ անցկացրինք Ֆրանսիայի նման հզոր հավաքականի հետ: Հավատացնում եմ, շատ քիչ երկրներ կան աշխարհում, որոնք կարող են Կալիֆոռնիայում նման հանդիպումներ կազմակերպել:

– Կարելի է ենթադրել, որ նման հանդիպումներ անցկացնելու ցանկություն ունեն նաև այլ հավաքականներ:

– Անշուշտ, այսօր արդեն Լոս Անջելեսում Հայաստանի հետ խաղալու ցանկացողների թիվն ավելացել է։ Նման խաղեր անցկացնելու կապակցությամբ հանդիպումներ ունեցանք մի շարք երկրների հետ: Հետաքրքրված են հատկապես այն երկրները, որոնք Հայաստանի նման մեծ համայնք ունեն Կալիֆոռնիայում: Հավանականությունը մեծ է, որ 2024 թվականի հունիսին դարձյալ կմեկնենք Լոս Անջելես և կանցկացնենք առնվազն երկու հանդիպում: Աշխարհի 2023թ. առաջնության ավարտից հետո հայտնի կդառնա, թե որ հավաքականների հետ ենք մրցելու:

– Փետրվարին Հայաստանի հավաքականը սկսում է ելույթներն Աշխարհի առաջնության ընտրական փուլում, որտեղ մրցելու է Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ: Ի՞նչ արձագանքներ կան այս կապակցությամբ:

– ՖԻԲԱ-Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսան շատ ոգևորված է, որ Հայաստանը վերադառնում է ընտրական փուլ և այլևս չի մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնություններին: Միայն Գարբախոսեն չէ, մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչներ մոտենում էին և շնորհավորում, որ Հայաստանը հանդես է գալու ընտրական փուլում: Կարելի է ասել, որ Եվրոպայում շատ ոգևորված են այդ հանգամանքով: Հավանականությունը մեծ է, որ Գարբախոսան կժամանի Երևան ներկա գտնվելու փետրվարի 25-ին կայանալիք Հայաստան-Ալբանիա հանդիպմանը: Նա շատ տպավորված էր ՍԱԴԱ գավաթի խաղարության կադրերով և համաձայնվեց, որ մարզահամերգային համալիրում կարող ենք անցակցնել բարձր մակարդակի հանդիպումներ:

Ասեմ ավելին, ՀԲՖ-ն պատրաստվում է 2024 և 2025 թվականներին Երևանում անցկացնել Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի 2 առաջնություններ: Այժմ ՀՀ կառավարության հետ քննարկում ենք անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր և շուտով հայտը կուղարկենք ՖԻԲԱ-Եվրոպա: Կառավարության ներգրավվածության պարագայում մեր հայտի հաղթելու շանսերը զգալիորեն մեծանում են:

Հ. Գ. - Հարցազրույցը հրապարակել է ՀԲՖ պաշտոնական կայքը:

Այլ նորություններ