Հոկտեմբերի 29-ի լուսադեմին հայրենիք վերադարձավ Հայաստանի ծանրամարտի պատվիրակությունը: Մեր բոլոր 12 ծանրորդները այդ պատասխանատու ստուգատեսում դարձան մեդալակիրներ. 13 ոսկե, 10 արծաթե, 11 բրոնզե: Երկամարտում մեր մինչև 20 և մինչև 23 տարեկան մարզիկներով համալրված հավաքականները համատեղ ունեցան 4 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մրցանակակիր:
Առաջնության լավագույն երկու ծանրորդներ ճանաչվեցին հաջորդաբար Սիմոն Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը:
Շնորհավորում ենք երիտասարդականում փայլուն մրցելույթներ ունեցած հավաքականներին և հաջողություն մաղթում գալիք մրցաշարերում:
Խոսուն հաղթանակները հայ մասնագետների կատարած հիանալի աշխատանքի վկայությունն է: Այս պարագայում պետք է առանձնացնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի դերը: Հիշենք, որ գրեթե երեք տարի ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան չունի նախագահ և ընդհանուր աշխատանքները փաստորեն կանոնակարգվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Նա իր անձնական միջոցներից ծանրորդներին, մարզիչներին, բժիշկներին մարզական թոշակ է հատկացնում, իսկ տարիքային տարբեր խմբերի հավաքականներին նաև ֆինանսական աջակցություն է ցույց տալիս, առանց որոնց լիարժեք լուծում չէին ստանա ուսումնամարզական, ուժերի վերականգնման, համապատասխան դեղամիջոցների գնման և կազմակերպական բազմաթիվ հարցեր:
ՀԱՕԿ լրատվական բաժին