Հոբբիհորսինգ մարզաձևը որոշակի մասսայականություն է վայելում Եվրոպայում: 21-րդ դարը վիրտուալ իրականության, տեխնոլոգիայի առաջընթացի ժամանակն է:
«Ինչպե՞ս փոխարինել ձիուն», — մտածեցին ֆինները և հնարեցին հոբբի նժույգավարություն մարզաձևը: Դա կարելի է մանկական զվարճանք համարել, որը թափ է հավաքում: Ստեղծվում են ֆեդերացիաներ, տրվում մարզական կոչումներ:
Հոբբի ձիավարությունը առավել տարածված է Ֆինլանդիայում. դրանով զբաղվում է շուրջ 10000 մարդ: Անցկացվում են առաջնություններ և որքան էլ տարօրինակ է, այն կարող է վերածվել հնգամարտի նոր տեսակի։
Մարզաձևի սիրահարները կարծում են, որ այն ունի թերապևտիկ ազդեցություն, վերականգնում է մտավոր հավասարակշռությունը, պահպանում է կեցվածքը, մարզում որովայնը, ոտքերը, ձեռքերը և խթանում է ընդհանուր ֆիզիկական զարգացմանը: Իրականում այն պահանջում է ֆիզիկական լավ պատրաստականություն, լուրջ նախապատրաստություն և ինքնաարտահայտում:
Հոբբի ձիավարությունը խաղալիք ձի վարելն է: Սեփական հոբբի ձի ստեղծելը մի ամբողջ գործընթաց է: Սկսած նյութերի ընտրությունից, նախշերից մինչև կենդանու գույնի, ցեղի և մականունի մասին մտածելը: Այստեղ կարևոր է յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր նրբերանգ։
Իհարկե, շատերը ծաղրում են փայտե ձիերի սիրահարներին: Արդեն կան պրոֆեսիոնալ լիգաներ, որոնցում հանդես են գալիս շատ հայտնի մարզիկ-մարզուհիներ:
Դա ենթադրում է ձիասպորտի փոխարինում, սակայն ամեն բան դեռ առջևում է:
Հավանաբար վատ բան չկա հոբբի ձիավարության մեջ: Պոստմոդեռնիզմի դարաշրջան է, երբ դժվար է կատակը տարբերել իրականությունից:
Ի դեպ, մարզվողների մեջ տղաներ ընդհանրապես չկան։ Հարցին, թե սա ինչ ֆեմինիստական տիրույթ է, աղջիկները ծիծաղում են և բացատրում. «Այստեղ պետք է ոտքերիդ միջև փայտը պահես: Տղաների համար դա անհարմար է»:
Հոբբի ձիավարությունը դարձել է սպորտ, որին, ինչու չէ, սպասում են օլիմպիական խաղերը . . .