Խորվաթիայում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնության մեկնարկը հաջող է ստացվել Հայաստանի հավաքականի համար: Եվրոպայի առաջնությանը մասնակցում են Հայաստանի 13 ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ ձեւերում:
Վազող թիրախ մրցաձեւի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են երեք մարզուհիներ՝ Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը եւ Արուսյակ Գրիգորյանը, որոնք հանդես են եկել անհատական եւ թիմային պայքարում: Թիմային պայքարում նրանք 1607 միավորով դարձել են բրոնզե մեդալակիր: Անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյանը գրավել է 7-րդ տեղը, Գոհար Հարությունյանը՝ 10-րդ, իսկ Արուսյակ Գրիգորյանը՝ 11-րդ:
Զավեն Իգիթյանը եւ Նարե Գաբրիելյանն ատրճանակի թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում գրավել են 20-րդ տեղը՝ հավաքելով 747 միավոր:
Հայ հրաձիգները մրցավայր են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Եվրոպայի առաջնությունից առաջ հրաձգության Հայաստանի թիմը փետրվարի 1-16-ը հավաք է անցկացրել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում: