<< ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՎԵԼԻՆ ԱՆԵԼ >>

12:37 - 03 Օգո, 2023

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մասնակիցների թվում էր նաև ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորած Հայաստանի հավաքականը: Մեր ինը  պատվիրակներից չորսը դարձավ մրցանակակիր:

Փոխչեմպիոնի պատվին արժանացավ Արթուր Բրոյանը (51 կգ), որը պարգևատրվեց նաև  արծաթե մեդալով:

Պատվանդանի << բրոնզե >> աստճանին կանգնեցին նրա թիմակիցներ  Յուրիկ Մխիթարյանը (45 կգ),  Էդգար Պետրոսյանը (48 կգ)  և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ)։

- Ես հետևում եմ մեր պատանի ըմբիշների ընդհանուր պատրաստականությանը: Իմ գործընկերները միանշանակ նպատակային աշխատանքներ են կատարում իրենց սաների հետ, - ասաց  մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: - Ստամբուլյան ստուգատեսի մասին կարող եմ ասել, որ մրցանակակիրները և նրանց թիմակիցները կարող էին ավելին անել: Նկատի ունեմ հատկապես տղաների տեխնիկական հարուստ զինանոցը:

Թիմի հաշվին ավելի շատ ու բարձր հարգի մեդալներ կգրանցվեին, եթե բավարար լիներ մերոնց մրցափորձը և, որ շատ կարևոր է, տակտիկական հմտությունը . . .  

Արմեն Բաբալարյանը նաև ասաց, որ վաստակավոր մարզիչ Արամ Գասպարյանի և Մարտին Ալիխանյանի ուղեկցությամբ, ԱՊՀ երկրների  2-րդ խաղերին մասնակցելու համար, երեկ Մինսկ մեկնեց մեր երկրորդ հավաքականը: Մրցագորգ կելնեն ՝ 60 կգ քաշային Աշոտ Մանուկյանը,  63 կգ՝ Արմեն Հարությունյանը, 67 կգ՝  Սահակ Հովհաննիսյանը, 77 կգ՝ Աշոտ Կիրակոսյանը, 82 կգ՝  Սամվել Գրիգորյանը, 87 կգ՝  Գագիկ Հակոբյանը, 97 կգ՝  Սամվել Սարգսյանը և 130 կ՝ Ռազմիկ Քուրդյանը:

Մեր զրուցակիցը առավելապես կարևորեց գլխավոր թիմի օրացույցը: Գյումրիում ավարտվեց ոսումնամարզական հերթական հավաքը, որին կհաջորդի  գործուղումը Վլադիկավկազ: Այնտեղ կայանալիք երկշաբաթյա համատեղ հավաքին կմասնակցեն ևս երեք երկրների ընտրանիներ: Գլխավոր նպատակը սեպտեմբերին Բելգրադում անցկացվելիք աշխարհի առաջնությունն է,որտեղ կխաղարկվեն Փարիզի  օլիմպիական խաղերի արտոնագրեր:

 

Այլ նորություններ