ՏԵՎԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ

10:47 - 19 Մայ, 2023

Չորս երկրների ՝ Բելառուսի, Ուզբեկստանի, Լեհաստանի և Հայաստանի  պատվիրակներ մասնակցեցին սպորտային մարմնամարզության Yerevan Open միջազգային մրցաշարին:

Մրցումներն ընթացան Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: Վարպետությամբ աչքի ընկան տանտերերը, որոնցից հինգը դարձան հաղթողներ:  

Ուշագրավ է, որ բազմամարտի ծրագրով  78, 932 միավոր վաստակեց   և հաղթեց երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 15-ամյա Համլետ Մանուկյանը։

Առանձին գործիքների եզրափակիչներում,  ազատ վարժությունում 13,033 միավորով առաջինը ճանաչվեց  Մամիկոն Խաչատրյանը, որը հավասարը չունեցավ նաև նժույգ թափերում (14,066):

Օղակների վարժությունում անգերազանցելի էր Համլետ Մանուկյանը (13, 433), իսկ զուգափայտերում՝  երիտասարդների  Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը։

Հենացատկում առաջին մրցանակակիր դարձավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարվալ Աբուրֆայզովը (13, 177), իսկ  պտտաձողում՝ բելառուս Բոգդդան Իլիենկոն (12, 233)։

Թիմային պայքարում լավագույն եռյակը կազմեցին հաջորդաբար Հայաստանի, Ուզբեկստանի և Լեհաստանի մարմնամարզիկները:

Տևական ընդմիջումից հետո մեզանում անցկացված սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարը դրական արձագանք ստացավ մարզասերների շրջանում, մանավանդ, որ կազմակերպիչները խոսատանում են միջացառումը դարձնել ավանդական:

 

Այլ նորություններ