Ըմբշամարտի կանոնները հերթական անգամ կենթարկվեն փոփոխության:
Ինչպես հայտնում է ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW), յուրաքանչյուր ոճում քաշային կարգերն 8-ի փոխարեն կլինեն 10-ը:
Յուրաքանչյուր քաշային կարգում մրցումները կանցկացվեն երկու օր:
Քաշային կարգերի փոփոխությունը հաստատման կներկայացվի այս տարի, Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ` UWW-ի համաժողովում:
Հաստատվելու դեպքում մեծահասակների, Մ 23 տարեկանների ու երիտասարդների նոր քաշային կարգերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:
Երկօրյա մրցութային ձեւաչափը կկիրառվի պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ժամանակ, որոնք տեղի կունենան, համապատասխանաբար, հուլիսին՝ Սարաեւոյում եւ սեպտեմբերին՝ Աթենքում:
Եթե այս նորամուծությունը վերջնականապես հաստատվի` այն եւս ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:
Այս ձեւաչափի դեպքում ըմբիշները կկշռվեն մրցութային յուրաքանչյուր առավոտ` երկրորդ օրվա համար 2 կգ փոփոխության թույլտվությամբ:
Աշխարհի առաջնության մրցաշարային ցանկում, առաջատարների ավելի արդարացի բաշխման նպատակով, UWW-ի բյուրոյի անդամները քվեարկել են ըմբիշների ամենամյա վարկանիշային աղյուսակ ստեղծելու համար:
Այս տարվա` Փարիզի աշխարհի առաջնությունում վարկանիշը կորոշվի Ռիո-2016-ի եւ 2017 թ-ի մայրցամաքային առաջնությունների արդյունքներով:
Ակնկալվում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած, վարկանիշային աղյուսակը որոշելիս հաշվի կառնվեն նաեւ մի քանի այլ մրցաշարերի արդյունքներ:
«Այս բարեփոխումները մեծ առավելություն կտան մեր մարզաձեւին: Այն ավելի դիտարժան կդառնա հանդիսատեսի եւ ըմբիշների համար»,- նշել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը:
Հ.Գ. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին, որ ըմբշամարտի նոր կանոնների վերջնական տարբերակը UWW-ն ազգային ֆեդերացիաներին կտրամադրի ապրիլի սկզբներին:
Լուսանկարը` Ըմբշամարտի համաշխարհային միության