ՄԵԴԱԼԱԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ

10:47 - 08 Մայ, 2023

Մարաթոնյան մրցապայքար է հիշեցնում Տաշքենդում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Մասնակիցների շարքերը նվազում են, իսկ մեդալակիրները դեռևս հայտնի չեն:

Մեր մարզիկներից հինգը շարունակում են իրենց մրցելույթները: Եթե  հաջողվի տանել ևս մեկական հաղթանակ, ապա կմտնեն կիսաեզրափակիչ և իրենց համար կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Այդ նպատակով, այսօր կայանալիք ցերեկային մրցահերթում, ռինգ կելնեն Ռուսլան Ասլիկյանը / 54 կգ / և Նարեկ Մանասյանը / 92 կգ /: Մրցակիցներն են համապատասխանաբար վենեսուելցի Ֆինոլ Ռիվասը և իրանցի Պուրիա Ամիրը: Օրվա հայաստանցի  երրորդ մասնակիցը Ռաֆայել Հովհաննիսյանն է / 86 կգ / ,որը երեկոյան  կհանդիպի թուրք Հական Կոչի հետ:

Վաղը, կիսաեզրափակիչ մտնելու համար, մոնղոլ Բաթումուրի հետ   պայքարի կբռնվի Գուգեն Մադոյանը / 67 կգ /, իսկ մայիսի 10 –ին մեր անվանի Հովհաննես Բաչկովը / 63 , 5 կգ /  իր ուժերը կչափի կոլումբիացի Ֆորի Վիաֆարայի հետ:

Զինվենք համբերությամբ և սպասենք հաղթական լուրերի:

 

Այլ նորություններ