Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մեծ պատիվ է համարում Հայաստանում՝ արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովի անցկացումը:
«Նմանատիպ միջոցառումներն անցկացվում են այնպիսի երկրներում, որտեղ վստահություն կա: Վերջին տարիներին ՀԱՕԿ հսկայածավալ աշխատանք է կատարում հակադոպինգային կազմակերպության հետ համատեղ: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում, Ծաղկաձորում հյուրընկալելու արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ինքն է իր օրինակով ցույց տալիս, որ հնարավոր է արդար կերպով իրենց ուզածին հասնել»,-ասաց Ռոստոմյանը:
Խոսելով Ադրբեջանի՝ արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունից դուրս մնալու մասին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը շեշտեց. «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունից դուրս մնալը ապացուցում է, թե ադրբեջանական սպորտը ինչ կարգավիճակում է: Ի ուրախություն մեզ և ի տխրություն նրանց՝ այդ ամենը չեն արել հայերը: Ադրբեջանի դուրս մնալը երկար գործընթաց էր և կապ չունի այն հանգամանքի հետ, որ համաժողովն անցկացվում է Հայաստանում: Ադրբեջանի հակադոպինգային կազմակերպությունը չի կարողանում վերահսկել դոպինգի դեմ պայքարը իրենց երկրում»:
Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության երկօրյա համաժողովին մասնակցում են Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի հակադոպինգային կազմակերպության ներկայացուցիչները: Համաժողովի հիմնական նպատակը՝ արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության անդամ պետությունների համագործակցության բարելավում է: Համաժողովը ղեկավարում է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին