Նոր մրցաշրջանին ընդառաջ

12:11 - 10 Հուն, 2019

Հունվարի 17 – 31 –ը Ծաղկաձորում   նոր տարվա ուսումնամարզական առաջին հավաքը  կանցկացնի  հունահռոմեական ըմբշամարտի  մեր երկրի  հավաքականը: Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը  մեծահասակներից բացի   հավաքի է ընդգրկել նաև  երիտասարդական թիմի առաջատարներին: Գլխավոր մարզիչը զրույցի ժամանակ ասաց, որ ծաղկաձորյան հավաքին կմասնակցեն  շուրջ 60 մարզիկներ: Մեծահասակների համար սա  Բուխարեստում ապրիլի 10 – 14 –ը կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է հանդիսանում: Չափազանց պատասխանատու է բուխարեստյան ստուգատեսը: Մրցակարգի համաձայն օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված քաշային կարգերից որևէ մեկում եթե մասնակից երկրի թիմը հայտ չներկայացնի, ապա նա կզրկվի, իրավունք չի ունենա ըմբիշ գործուղել աշխարհի 2019թ. առաջնություն: Ավելին, եթե ըմբիշը Եվրոպայի առաջնությունում տեղ չզբաղեցնի 1 – 16 –րդ հորիզոնականներում ,ապա նա  իրավունք չի ունենա մասնակցել Մինսկում կայանալիք եվրոպական ամառային երկրորդ խաղերին: Այն էլ ասենք, որ Եվրոպայի առաջնությունում մեդալների համար կպայքարեն 10 քաշային կարգերում հայտավորվածները, իսկ մինսկյան խաղերում գործելու է օլիմպիական ծրագիրը.  մրցանակները  կվիճարկեն քաշային վեց կարգերի ներկայացուցիչներ /  60կգ, 67կգ, 77կգ, 87կգ, 97կգ և մինչև 130կգ /:

Ծաղկաձորի հավաքից հետո մեր մի խումբ ըմբիշներ իրենց ունակությունները կդրսևորեն Ֆրանսիայում  փետրվարի 1 – 4 –ը կայանալիք միջազգային մրցաշարում: Ավելորդ չէ նշել, որ ԱՄՆ –ում  շարունակում է վնասվածքներից  ապաքինվել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ հավաքականի մյուս առաջատարի`  Արսեն Ջուլֆալակյանի գերխնդիրը Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելն ու հաջողության հասնելն է:

 

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

 

 

Այլ նորություններ