ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՉԵՆ ՄԱՏՆՎՈՒՄ

12:07 - 18 Հուն, 2023

Երևանում և Գյումրիում են գործում նետաձգություն  մարզաձևի խմբեր, որոնցում պարապում են շուրջ 70 մարզիկ – մարզուհիներ: Պայմանները, մեղմ ասած,  այնքան էլ բարվոք չեն: Այնուամենայնիվ,  հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը նշանառուների առօրյան հնարավորինս հագեցած է դարձնում: Ահավասիկ, անցած դեկտեմբերին, թիմը,  18 – օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց Վրաստանի Բաթում քաղաքում: Փակ  նետաձգարանում մերոնք մասնակցեցին նաև միջազգային մրցաշարի: Վրաստանի առաջին և Ղազախստանի հավաքականներից հետո,  թիմային պայքարում  երրորդ տեղը գրավեցին Հայաստանի պատվիրակները:

Անհատական փուլային մրցումներում, պատանիների մրցավեճում,  դիպուկությամբ աչքի ընկավ Նարեկ Դավթյանը, որը գրավեց երկրորդ տեղը: Նրա  չորս թիմակիցներ բավարարվեցին երրորդ  մրցանակով:

Մասնակիցները մրցեցին 18 մ տարածությունից՝ 60 –ական նետարձակումով:Մարզիչը նաև հավելեց, որ  լավ  ապագայի հույս է ներշնչում 14 –ամյա Նարեկը:

Երկու օր հետո, հունվարի 20 –ին, Երևանում կտրվի ՀՀ առաջնության մեկնարկը, որին կմասնակցի շուրջ 30 հոգի: Մրցավարտից հետո, հունվարի 25 –ին,  գլխավոր մարզիչը առաջատար վեց  մարզիկների  ուսումնամարզական 18 –օրյա հավաքի կուղեկցի  կրկին Բաթումի: Նպատակ կա բարելավել նետաձիգների վարպետության աստիճանը, որպեսզի նրանք հնարավորիս լավ հանդես գան փետրվարի 12 – 19 –ը Թուրքիայի Սամսուն քաղաքում անցկացվելիք Եվրոպայի ձմեռային առաջնությունում: Կրակագիծ – թիրախ հեռավարությունը դարձյալ 18 մետր կլինի:

Այլ նորություններ