ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, ՍԱՄԲԻՍՏՆԵ’Ր

15:27 - 16 Նոյ, 2022

1938թ. նոյեմբերի 16-ը համարվում է սամբոյի ծննդյան պաշտոնական  ամսաթիվը:

Մարզաձևը  համարվում է ռուսական / самбо - самозащита без оружия, ինքնապաշտպանություն՝  առանց զենքի /:

Մեծացել, ծավալվել է  նրա աշխարհագրությունը: Անզեն աչքով էլ երևում է ասածը, որը վկայում են հատկապես աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, քանզի ավելանում է  մասնակից  երկրների թիվը:

2021թ. հուլիսի 20 –ին, ՄՕԿ - ը  իր  138 –րդ նստաշրջանում լիարժեք ճանաչեց  սամբո ըմբշամարտը: Նշանակում է  այս մարզաձևը պաշտոնապես հավակնում է օլիմպիական խաղերի  ծրագրում հիմնական գրանցում ստանալուն:

Սամբոյի մրցակարգին,  տեխնիկական հնարքների  հարստությանը, մարզահագուստին  և այլ մանրամասների մասին լավատեղյակ են մարզասերները, ուստի նպատակահարմար է ընթերցողներին ներկայացնել  մարզաձևի հայրենական դպրոցը:

Մեզանում այն սկիզբ է առել   նախորդ դարի 50-ականներին: Հիմնադիրներն են եղել Գեորգի Թումանյանը,  Վիկտոր Ալիխանյանը, Ալբերտ Բարսեղյանը և  Ռոբերտ Գալստյանը:

Գյումրիում  սամբիստներ են պատրաստել Արտաշես Մարտիրոսյանը / նա անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հայրն է /, Սովետական  բանակում  մարզաձևի այբուբենը սերտած Ռոբերտ Հովհաննիսյանը և Խանիկ Աղեկյանը, իսկ Վանաձորում ՝ ազատ ըմբշամարտի  նվիրյալներ Սարգիս Ավետյանը և հետագայում ՝ Գուրգեն Գևորգյանը:

Հայաստանի սամբիստներից առաջինը աշխարհի չեմպիոն է ճանաչվել  անվանի մասնագետ, ԽՍՀՄ  վաստակավոր մարզիչ, երևանցի Լևոն Հայրապետյանի աշակերտ  Գառնիկ Հովհաննիսյանը / 1981թ. /:

Նման պատվի են արժանացել նաև վանաձորցիներ,  աշխարհի  հնգակի չեմպիոն  Գագիկ  Ղազարյանը,  եռակի՝  Հովիկ Մանուկյանը, գյումրեցիներ  Գուրգեն Թութխալյանը ՝ քառակի, Երվանդ Գրիգորյանը՝ կրկնակի,  ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը՝ կրկնակի, երևանցիներ Քրիստինե  Նաջարյանը՝ կրկնակի, Արևիկ Կարապետյանը . . .

Հայաստանի  հավաքականներում տասնյակ հաղթողներ  և  մրցանակակիրներ  ենք ունեցել  Եվրոպայի, աշխարհի և ԽՍՀՄ առաջնություններում:

Լավ ավանդույթները շարունակում են   նաև մերօրյա  մարզիկ – մարզուհիները: Ավելին, այս տարի  առաջին անգամ մեր երկիրը դարձավ աշխարհի առաջնության մրցավայր: Երևանի Կարեն Դեմիճյանի անվան ՄՀՀ –ում հոկտեմբերին անցկացվեց պատանեկան և երիտասարդական ստուգատեսը: Մեր 20 ներկայացուցիչներ իրենց արժանի տեղն ունեցան  պատվո պատվանդանի վրա:

Շնորհավորում ենք   Հայաստանի   բոլոր ներկայացուցիչներին, ֆեդերացիային ՝ սամբոյի միջազգային օրվա առթիվ և մաղթում հաջողություններ:

 

Այլ նորություններ