Այսօր լուսադեմին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա մեկնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, երևանցի Փաշիկ Ալավերդյանը: Նա կմասնակցի հունիսի 25 – 26 – ին անցկացվող մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) հատուկ համագումարի աշխատանքներին:
Կձևավորվեն ֆեդերացիայի և հանձնաժողովների նոր ղեկավար կազմերը:
IWF-ի ընտրություններին թույլատրվել է մասնակցել նախագահի 11 և փոխնախագահի՝ 33 թեկնածու։ Նրանց հաստատել է հատուկ հանձնաժողովը և միջազգային օլիմպիական կոմիտեն:
IWF-ի ժամանակավոր նախագահ, դոկտոր Մայքլ Իրանին շնորհակալություն է հայտնել համապատասխան հանձնաժողովին՝ քրտնաջան աշխատանքի համար: Նա նաև ասել է, որ առաջիկա համագումարը կարևոր է օլիմպիական գործընկերների պահանջները իրականացնելու առումով:
Վերջապես եկել է թափանցիկ ու հստակ ընտրական գործընթացի ժամանակը IWF-ի ղեկավարության և առաջնորդության նոր դարաշրջան սկսելու համար, - նշել է Իրանին: