70 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՝ ԱՅՍ ՕՐԸ

11:07 - 19 Հուլ, 2022

1952թ.  հուլիսի 19-ին  Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել են   ամառային 15 –րդ  օլիմպիական խաղերը:

Համաշխարհային այդ մարզահանդեսին  մասնակցել են  69 երկրների 4925 մարզիկներ, որոնցից 518-ը՝ կանայք։ 

Առաջին անգամ խաղերում հանդես եկած Խորհրդային Միության հավաքականի ներկայացուցիչները, բացառությամբ խոտի հոկեյի,  մասնակցել են բոլոր մրցաձևերում:

ԽՍՀՄ  թիմում ընդգրկված էր  295 մարզիկ - մարզուհի (255 տղամարդ, 40 կին): Նրանք  ինը մարզաձևերում նվաճել են  22 ոսկե, 30 արծաթե և 19 բրոնզե մեդալ ու ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրել են երկրորդ պատվավոր տեղը:

Ամենաշատ մեդալների արժանացել են ԱՄՆ-ի մարզիկները (40 ոսկե, 19 արծաթե, 17 բրոնզե): 

ԽՍՀՄ մարմնամարզության թիմը  նվաճել է  ինը ոսկե մեդալ, որից երկուսը պատկանում է  հայկական սպորտի նահապետ, ժամանակակից օլիմպիական խաղերի մեր  առաջին ոսկե դափնեկիր Հրանտ Շահինյանին: Նա, ի դեպ, պատվիրակության հաշվեկշռին գումարել է նաև երկու արծաթե պարգև:

Նախկինում Ֆինլանդիան, Գերմանիան և Շվեյցարիան էին  գերիշխում մարզաձևում,  սակայն այս անգամ նրանք ստիպված էին բավարարվել համեստ հաջողություններով։ 

Հելսինկյան  ստուգատեսը պատմության մեջ մնացել է   որպես . . . չավարտված մարզական իրադարձություն, քանզի պաշտոնապես այն չի փակվել։ 

Օգոստոսի երեքին,  փակման հանդիսավոր արարողության ժամանակ,  ՄՕԿ-ի նախագահ Զիգֆրիդ Էդստրոմը երկար ելույթ  է  ունեցել, բայց մոռացել է  այն ավարտել օլիմպիական խարտիայով  նախատեսված խոսքերով. « 15 –րդ ամառային օլիմպիական խաղերը հայտարարում եմ  փակված »։

Օլիմպիական խաղերը օգնել են  ֆիններին  բարելավել իրենց հեղինակությունը օտարերկրացիների աչքում: 

 

Այլ նորություններ