Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվել է առաջին տպավորություններով՝ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո:
-Վարշամ, շնորհավորում եմ քեզ երկար սպասված ոսկե մեդալի կապակցությամբ: Դու մարզասերներին հայտնի ես որպես «մարզական բախտ» չունեցող ըմբիշ, ով ամեն անգամ մեկ քայլ հետ է մնացել մեդալից: Այսօր բախտը քեզ ժպտա՞ց:
- Այո, ճիշտ եք (ծիծաղում է): Ամեն անգամ մի բան ինձ խանգարում էր հաջողության հասնել: Այս անգամ, փառք Աստծո, լուրջ վնասվածքներ չունեի և ինձ հաջողվեց ոսկե մեդալ նվաճել:
-Մրցակիցներիդ մասին ի՞նչ կասես:
-Բոլորն էլ արժանի հակառակորդներ էին: Կառանձնացնեմ եզրափակիչ և կիսաեզրափակիչ գոտեմարտերը: Սակայն, երբ տրամադրված ես միայն հաղթանակի և քեզ ոչինչ չի խանգարում՝ ստացվում է հաղթել:
-Կարելի՞ է ասել, որ այս անգամ հոգեբանորեն էիր ավելի լավ պատրաստվել:
-Մարզիչներս՝ ընկեր Արամը, և հատկապես, հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ինձ շատ լավ էին տրամադրել, մանավանդ՝ եզրափակչից առաջ: Շատ շնորհակալ եմ մարզչական անձնակազմին, սա բոլորիս հաղթանակն է:
-Վարշամ, այստեղ նկատելի վատ մրցավարություն կար՝ ուղղված հայ ըմբիշների դեմ: Մտավախություն չունեիր, որ դու էլ կարող ես անարդար մրցավարության զոհ դառնալ:
-Անկեղծ ասած՝ եզրափակչի ժամանակ ինչ-որ տեղ մտավախություն կար, բայց ամեն ինչ լավ ստացվեց:
-Քո քաշը ոչ օլիմպիական է: Հնարավո՞ր է, որ փոխես քաշային կարգդ:
-Դրա մասին դեռ չեմ մտածում:
-Այդ դեպքում, ի՞նչ անելիքներ ունես առաջիկայում:
-Դեռ պարզ չեն հետագա ծրագրերս:
Լատվիա, Ռիգա
ՀԱՕԿ լրատվութան բաժին