Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր, Եվրոպայի նախկին չեմպիոն Ռոման Ամոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմեց Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում նվաճած արծաթե մեդալի, մրցակիցների և հետագա ծրագրերի մասին:
-Ռոման, Վեգասում կայացած աշխարհի առաջնությունից հետո շատերը կարծում էին, որ մեծ սպորտից հեռանալու քո ժամանակը եկել է: Այստեղ դու բոլորին ապացուցեցիր, որ դեռ շուտ է քեզ թոշակի ուղարկելը: Ի՞նչը քեզ օգնեց:
-Կար ժաանակ, որ արծաթե մեդալ նվաճելուց շատ էի տխրում, բայց այսօր Եվրոպայի արծաթե մեդալն ինձ համար գոհացնող և ուրախացնող է: Այս մեդալն ինձ վսահություն տվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից առաջ:
-Քո հիմնական մրցակիցները երիտասարդ ըմբիշներ էին: Քեզ ավելի շատ փորձն օգնեց նրանց հաղթել, թե մեդալ նվաճելու ձգտումը:
-Երկուսը մեկում (ծիծաղում է): Ճիշտ է նրանք երիտասարդ են, բայց նրանք նույնպես հաղթանակի մեծ ձգտում ունեն և նրանց հետ գոտեմարտերի ժամանակ այսպես ասած՝ կռիվ տալով եմ հաղթել, այլ կերպ չէր հաջողվի նրանց հանդեպ առավելության հասնել: Բացեր կային իմ գոտեմարտերում, որոնց վրա պետք է աշխատեմ մինչև վարկանիշային մրցաշարերը:
-Խոսեցինք երիտասարդ ըմբիշների մասին: Ռոման, մեր հավաքականում կա՞ն քեզ արժանի փոխարինողներ:
-Ես շատ եմ ցանկանում, որ այդ քաշում մենք ունենանք ուժեղ մարզիկներ՝ աշխարհի մակարդակով: Թեթև քաշում մենք հարուստ և հաղթական պատմություն ունենք: Լավ տղաներ կան, օրինակ Գևորգը Ղարիբյան և էլի տղաներ: Ինչով կկարողանամ կօգնեմ նրանց:
-Ռոման, դեռ վաղ է հրաժեշտից խոսել, այնուամենայնիվ, հնարավո՞ր է՝ հեռանալուց հետո զբաղվես մարզչական գործունեությամբ:
-Այդ մասին դեռ չեմ մտածում: Գլխումս միայն վարկանիշային մրաշարերն են, ուղեգիր ձեռք բերելը և Ռիո մեկնելը: Դա է իմ նպատակը:
-Շնորհակալություն, Ռոման: Քեզ հաջողություն եմ մաղթում և ևս մեկ անգամ շնորհավորում՝ նվաճած մեդալի կապակցությամբ:
-Շնորհակալ եմ:
Լատվիա, Ռիգա
ՀԱՕԿ լրատվության բաժին