Կես տարի է, որ Հայաստանի աթլետիկայի գլխավոր մարզիչ է ընտրվել մանկավարժական գիտությունների թեկածու, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանը: Նա լավ աշխատանքով է արժանացել նման պատվի: Հեռակապով զրուցեցինք նրա հետ: Ասաց , որ ութ հոգուց բաղկացած թիմ է ուղեկցելու մարտի 5 –ին Բալկանյան երկրների ՝ մարզասրահներում անցկացվող առաջնություն:
Ցատկորդների վերաբերյալ մեր հարցին պատասխանեց, որ մրցումներին կմասնակցի կապանցի ճանաչված եռացատկորդ Լևոն Աղասյանը: Միջին տարածությունների վազքում իր ունակությունները կդրսևորի գյումրեցի Երվանդ Մկրտչյանը:
Գյումրին ունի ցատկորդների լավ ավանդույթ: Հիշենք աշխարհի վեցերորդ մրցանակակիր Հովհաննես Ստեփանյանին,օլիմպիական խաղերի հինգերորդ մրցանակակիր,եռացատկորդ Արմեն Մարտիրոսյանին, Եվրոպայի չգերազանցվող ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանին . . .
Երկրի երկրորդ քաղաքում շնորհալի ցատկորդներ կան, բայց առաջադիմելու պայմանները բավարար չեն: Մասնագետը մեծ հույսեր է կապել եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանի հետ: Բայց նա վերջերս զորակոչվել է բանակ: Մարզական լավ ապագա ունի նաև 18 –ը դեռ չբոլորած, արտաշատցի Գոռ Հովակիմյանը: Գոնե լավ է, որ բանակ զորակոչված կապանցի Գոռ Բեգլարյանը ընդգրկված է մարզական վաշտում:
Հայաստանում աթլետիկա մարզաձևով պարապում է ավելի քան 1000 մարզիկ –մարզուհի: Սա անհամեմատ փոքր թիվ է: Ռազմավարական նշանակություն ունեցող աթլետիկայով մեզանում պետք է մարզվեին նվազագույնը 4 – 5 հազար տղաներ ու աղջկներ: Ավաղ, այդպես չէ, քանզի անբավարար են մարզումային պայմանները: Ասածը վկայում է թեկուզ այն , որ Երևանը աշխարհի միլիոնանաց միակ քաղաքն է, ուր բավարար պայմաններ ունեցող նույնիսկ մեկ մարզահամալիր չունի: Իհարկե, լավ է, որ Արտաշատի վերանորոգվող ստադիոնում ռետինածածկ վազքուղիներ ու մարզական այլ հատվածներ կառուցելու աշխատանքը եռում է, բայց դա խնդրին լիակատար լուծում չի տալու: Եթե ոչ մայրաքաղաքում, ապա գոնե ավելի մեծ թվով բնակչություն ունեցող Գյումրիում կամ Վանաձորում պիտի տեղակայվեին ռետինապատ մակերեսները:
Գլխավոր մարզիչը նաև ասաց , որ Լևոն Աղասյանը մեր երկիրը կներկայացնի Սերբիայում մարտի 18 -20 –ը անցկացվելիք մարզասրահների աշխարհի առաջնությունում: Հունիսի 11 –ին ՀՀ հավաքականը կմասնակցի Մալթայում նախատեսված Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, իսկ հուլիսին և օգոստոսին՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: