2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ հանրաճանաչ մարմնամարզիկ է, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե դափնեկիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951 թ.), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961 թ.), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966 թ.):
Ծնվել է Գյուլագարակ գյուղում (ՀՀ Լոռու մարզ): 1930 թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ նա սկսել է հաճախել մարմնամարզության խմբակ: 1939 թ. նվաճել է ԽՍՀՄ պատանիների բացարձակ չեմպիոնի տիտղոսը։
Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Շահինյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել ոտքից և միայն 1946 թ-ից է վերսկսել մարմնամարզությամբ զբաղվելը:
Առաջին լուրջ հաջողությանը հասել է 1949 թ. Բուդապեշտում՝ Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնում՝ նվաճելով վեց ոսկե մեդալ:
Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ նժույգաթափի վրա Շահինյանի՝ առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է «Շահինյանի պտուտան»:
Սպորտային կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական գործունեության: 1958-1996 թթ. եղել է ՀՀ լուսավորության նախարարության պատանի մարմնամարզիկների մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն, 1967-1969 թթ.՝ ՀԽՍՀ սպորտկոմիտեի նախագահ:
Լեգենդար մարզիկը հայրենիքին մատուցած ծառայությունների և սպորտային բացառիկ նվաճումների համար արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի «Արդարացի խաղի համար» մրցանակի (1994 թ.): 2005 թ․ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սահմանել է «Հրանտ Շահինյան» մեդալը:
Շահինյանի անունով են կոչվել փողոցներ ՀՀ քաղաքներում, Երևանի մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան դպրոցը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը։
Դիմերես՝ Հրանտ Շահինյանի կողմից մարմնամարզական օղակների, նժույգաթափի վրա կատարվող վարժությունների ոճավորված պատկերներ:
Դարձերես՝ Հրանտ Շահինյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գ. Շահվերդյան, ճարտարապետ՝ Ս. Սարդարյան, 2014 թ.):
Էսքիզների հեղինակներ՝ Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Lալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Թողարկման քանակը |
200 հատ |
Թողարկման տարեթիվը |
2023 |
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: