Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Հայաստանի առաջնության արդյունքները և խոսեց առաջիկա աշխարհի գավաթի խաղարկության մասին:
«Իհարկե, ես գոհ եմ և բավարարված Հայաստանի այս առաջնության արդյունքներից: Հիմնականում մեզ ուրախացրեց Հարություն Մերդինյանն, ով կատարեց իր նոր վարժությունը: Ի տարբերություն մրցումների առաջին օրվա, այս վարժության որակնն ավելի բարձր էր: Ամեն ինչ ըստ պլանավորածի ընթացավ: Արթուր Դավթյանն ապացուցեց, որ բացարձակ բազմամարտիկ է: Նրան հաջողվեց երեք գործիքների վրա լինել առաջինը»,-ասաց Սերոբյանը:
Խոսելով Դոհայում այս ամիս կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մասին՝ Հակոբ Սերոբյանը փաստեց, որ Հայաստանը ներակայացնող թիմը պայքարելու է մեդալների համար. «Մենք ամբողջ աշխարհում համարվում ենք ուժեղներից մեկը, և ամեն գործիքի վրա ներկայացուցիչ ունենք: Բայց մեր մրցակիցներն էլ բավականին ուժեղ են, ինչպես օրինակ օղակների, այնպես էլ նժույգթափերի վրա: Հուսով եմ, մեդալներ կունենանք աշխարհի գավաթի խաղարկությունից»,-ասաց նա:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մարտի 13-ին կմեկնի Դոհա, որտեղ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին