Բռնցքամարտի համաշխարհային որակավորման երկրորդ մրցաշարը Հայաստանին պարգևեց Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր: Հաճելի այդ փաստը հայտնի դարձավ երեկ ՝ Թաիլանդի Բանգկոկում շարունակվող ստուգատեսում:
Գյումրեցի գերծանրքաշային Դավիթ Չալոյանը Բահրեյնի և Իրանի պատվիրակներին հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում կարողացավ պարտության մատնել իռլանդացի Մարտին Մաքդոնագին, մտնել կիսաեզրափակիչ և արժանանալ բաղձալի արտոնագրին: Այդպիսով, հայտնի դարձան Փարիզի օլիմպիական ռինգ ելնող բոլոր 248 մասնակիցների անունները: Ի դեպ, այս անգամ նախորդ՝ Տոկիոյի խաղերի համեմատ 41- ով պակասել է բռնցքամարտիկների քանակը / 2020 –ին եղել է 289 մասնակից /:
Դավիթ Չալոյանը 27 տարեկան է: Գյումրու օլիմպիական պետական մարզական քոլեջի սան է, պարապում է վաստակավոր մարզիչներ Կարեն Ղազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:
Միջազգային ստուգատեսներում Դավթի հաջողություններից առավել գնահատելի են զինվորական բռնցքամարտիկների աշխարհի առաջնությունում գրաված երրորդ տեղը և աշխարհի առաջնությունում նվաճած արծաթե մեդալը:
Ուզում ենք հավատալ, որ Դավիթ Չալոյանը Փարիզի օլիմպիական խաղերում նույնպես մեդալակիր կդառնա և հայրենիք կվերադառնա բարձր տրամադրությամբ:
Հավելենք, որ Հայաստանի օլիմպիականների թիվը դարձավ 12: Նրանք են՝ հինգ մարզաձևերի ներկայացուցիչներ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը :