Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Անապայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցի 8 բռնցքամարտիկով:
«Այս մրցաշարը բավականին բարդ է: Այն «աշխարհի փոքր առաջնություն» է: Անապայի մրցաշարին մասնակցում են այնպիսի հավաքականներ, ինչպիսինն են Կուբայի, Ռուսաստանի, Ղազախստանի թիմերը: Նրանք վերջին տարիների հիմնական ֆավորիտներն են: Մենք հավաքել ենք ուժեղագույններին: Եվրոպայի առաջնությունից առաջ փորձելու ևս մեկ առիթ է: Նախորդ տարի և ավելի վաղ, մեր մարզիկները մրցանակակիրներ են եղել: Անապայի մրցաշարին ուժեղ թիմեր են մասնակցում, մեզ համար հեշտ չի լինելու»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում փաստեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:
Մրցաշարին կմասնակցեն՝ 52 կգ քաշային Մնացական Հարությունյանը, 56 կգ Սամվել Սողոմոնյանն ու Վահե Բադալյանը, 60 կգ Արման Անտոնյանը, 64 կգ Կորյուն Աստոյանը, 69 կգ Գուրգեն Մադոյանը, 75 կգ Վան Մելքումյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Անապայի մրցաշարը մեկնարկում է մարտի 11-ին և կեզրափակվի մարտի 16-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին