ՎԵՐՋԱՊԵՍ . . .

17:27 - 16 Դեկ, 2021

Ծանրամարտի աշխարհի առաջնության նախավերջին օրը Հայաստանի հավաքականի հաշվին, երկամարտի արդյունքով վերջապես մեդալ գրանցվեց:

Աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը / 102 կգ / պոկեց 188 կգ, հրեց 228 կգ, երկամարտում ունեցավ  416 կգ, գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Սա մեր թիմի առաջին լուրջ հաջողությունն էր Տաշքենդի ստուգատեսում:  

Արժե նշել ,որ Սիմոնը արծաթե պարգև նվաճեց առաջին վարժությունում և բրոնզե մեդալ  ՝ հրումում:

Մեր նշանավոր ծանրորդը թեև իր լավագույն արդյունքը ցույց տալ չկարողացավ, բայց նրան արժանին պետք է  մատուցել այն բանի համար, որ տղամարդավարի պայքար մղեց Ուզբեկստանի երկու ներկայացուցիչների, օլիմպիական խաղերի երկու չեմպիոնների, Տաշքենդի ստուգատեսի ոսկե դափնեկիր Ակբար Ջուրաևի / 433 կգ / և երկրորդ մրցանակակիր Ռուսլան Նուրուդինովի / 421 կգ / դեմ:

Սիմոն Մարտիրոսյանը գուցե ավելի վստահ մրցելույթ ունենար, ավելի բարձր արդյունքի հասներ, աշխարհում ուժեղագույնի կոչումը երրորդ անգամ նվաճեր, եթե նախօրերին  ցածր քաշային կարգերում հանդես եկած թիմակիցները / մանավանդ հեղինակությունները / հաջողության հասնեին:

Չհուսահատվենք,  մեծ սպորտում այդպես էլ է լինում: Հուսանք, որ վաղը՝  դեկտեմբերի 17-ին, առաջնության վերջին օրը, գերծանրքաշայինների պայքարի ավարտից հետո, պատվանդանին կտեսնենք  մեր հեղինակավոր  Գոռ Մինասյանին և շնորհալի երիտասարդ  Վարազդատ Լալայանին:

Այլ նորություններ