ՄՈՍԿՎԱ – 80. ՍԻՐՎԱՐԴ ԷՄԻՐԶՅԱՆ

11:39 - 27 Հուլ, 2020

Լրագրողի համար անձնական արխիվը ուսումնասիրելը հետաքրքիր զբաղմունք է:

Սփյուռքում մեծ հարգանք վայելող <<  Հայրենիքի ձայն >> շաբաթաթերթի առաջարկով  հոդված տպագրվեց   անվանի ջրացատկորդուհի Սիրվարդ Էմիրզյանի մասին։ Այն ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

<< Աղջիկն  ընդամենը 15 տարեկան էր, բայց արդեն հասցրել էր նվաճել ԽՍՀՄ աշտարակացատկի կրկնակի չեմպիոնուհու կոչումը, դառնալ Մոսկվայի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

 

Լողավազանում հանդիպեցինք, զրուցեցինք Սիրվարդի հետ։ Ինչպե ՞ս ես, <<ջրահարս >>,  հարցրինք․

 -    Սպորտում, ինչպես կյանքում, ամենադժվարը վերջինը լինելն է: Իսկ ճանաչված մարզիկ դառնալը և լավ է, և դժվար: Լավ է, երբ կանգնում ես պատվանդանին ու ժպտում: Հաղթել ես `լավ է , երբ ճանաչում են քեզ, շատ նամակներ են գրում : Աղջիկները երազում են ջրացատկորդ դառնալ, խորհուրդներ են հարցնում: Նրանք մտածում են, որ մարզուհի դառնալը հեշտ է: Իսկ դուք տեսեք   իմ օրվա ռեժիմը: Առավոտյան վաղ ստիպված եմ արթնանալ, գնալ լողավազան կամ մարզադահլիճ, հետո` դասերի , երեկոյան նորից պարապմունքների: Իսկ ինչքան դժվար է սնվել իմ ռեժիմով: Պաղպաղակ, կարկանդակ չուտել, համարյա ոչ մի համեղ բան չի կարելի: Մեկ-մեկ, իհարկե, չեմ դիմանում ու փորձում եմ մայրիկի թխած կարկանդակը, բայց այ, այսքան, մի փոքրիկ կտոր:

Նամակագիրների կարծիքով, մեծ սպորտը երկարատև ու շքեղ ուղևորությունների շարք է: Եվ, երևի, դրա մեջ ճշմարտություն էլ կա: Հո ամեն մեկին չի հաջողվի 15 տարեկանում աշխարհի կեսը ման գալ: Լավ, աշխարհի կեսը չէ, բայց որ երկրում էլ եղել եմ, քիչ բան եմ տեսել: Լողավազան, ավտոբուս,  հյուրանոց: Այսպես ` ամենուրեք: Շատ կուզեի այդ տեղերը գնալ սովորական տուրիստի նման:

Երբեմն ուզում եմ կտրվել այս բոլորից , ամեն ինչից կտրվել ու ամբողջ օրը թավալվել բազմոցին, բայց այդ ցանկությունն արագորեն անցնում է: Ես հիմա չեմ կարող առանց ջրացատկի: Այ, պատահում է հանգստի օրը , մի գործ եմ ձեռնարկում: Հետո երկրորդը, երրորդը , բայց վերջում ամեն ինչ թողնում եմ ու գալիս մարզադահլիճ:

Սիրվարդը նայեց Վասիլի Կուվշինկինի կողմը, որ կանգնած էր պատուհանի մոտ ու ինչ –որ երեխայի ցույց էր տալիս հրվելու եղանակը:

 - Խիստ մարդ է, ուղղակի փշերի մեջ է պահում ինձ: Մի քանի ամսվա պարապող էի, որ ասաց. << Անցնում ենք բարդ ծրագրի : Բարձրանում ենք վեր >> : Ես վախեցա : Անկեղծ ասած` վախկոտ էի: Եվ Կուվշինկինն զգաց, թե ինչպես եմ վախենում բարձր ոստնակներից: Ինձ համար որքան քրտինք է թափել մարզիչս. . .

 -  Ի՞նչ է պետք բարձր կարգի մարզիկ դառնալու համար: Երևի թե բարդ կոմբինացիաներ:

 -  Ոչ միայն : Ընկեր Կուվշինկինը միշտ ասում է . << Ջրացատկը գնալով բարդանում է, բայց բարդությունը բարդության համար չպետք է լինի: Այն իսկական գեղեցկության հետ պետք է համակցել: Բարդ է կատարել գեղեցիկ, գեղեցիկը ` թեթև, թեթևը ` հիանալի: Այս իմաստով ինձ համար ամենալավ օրինակը Իրինա Կալինինան է, որ օլիմպիադայում , երեք մետրանոց աշատարակացատկում  չեմպիոն դարձավ: Այ, նրա մեջ կա գեղեցիկի ու բարու ներդաշնակությունը: Հրաշալի է նաև Մարտինա Յաշկեն: Առաջ նրան միայն հեռուստացույցով էի տեսել, բայց մոսկովյան մարզահանդեսում մրցեցինք: Ծանոթացանք պատվանդանի վրա:

Սիրվարդը ոտքերն անհանգիստ շարժեց, ու  հիշեցինք օլիմպիական խաղերը: Մինչև եզրափակիչ փուլ նա ընթանում էր առջևում, հետո սխալվեց, ու դա ճակատագրական եղավ: Այսպես շատ է եղել: 1978 –ին նա նվաճեց դպրոցականների համամիութենական  15 –րդ սպարտակիադայի չեմպիոնի կոչումը: 79 –ի տարեսկզբին << Կոմսոմոլսկայա պրավդա >>  թերթի մրցանակների խաղարկման միջազգային մրցաշարում  դարձավ առաջին մրցանակակիր՝  ետ թողնելով աշխարհի 14 երկրների ջրացատկորդների։ Մի շաբաթ անց նույնը կրկնվեց Մինսկի միջազգայինում: Իսկ ահա ԽՍՀՄ ժողովուրդների 7 –րդ սպարտակիադայում գրավեց երրորդ տեղը: Սխալվեց: Հաջորդեց Եվրոպայի գավաթի խաղարկությունը, և նա կրկին երրորդն էր:

1980 թ. օլիմպիական տարին սկսեց հաղթանակով, բայց Թբիլիսիի ընտրական մրցաշարում , ջրացատկի Սովետական  Միության առաջնությունում կանգնեց պատվանդանի երկրորդ աստիճանին, որը նրան իրավունք տվեց մասնակցել օլիմպիադային : Եվ ահա Մոսկվայում ` արծաթե ճախրանք:

 - Մարզիչս միշտ ասում է, մարզումային ծրագիրը պետք է ընդլայնել, իսկ ընդհանրապես, մարզիկի համար ամենակարևորը բնավորությունն է:

Մենք նայեցինք  դաստիարակի կողմը: Մեզ էին մոտեցել փոքրիկ աղջիկներ ու լսում էին: Սիրվարդը նրանց նայեց : Նրանց համար ինքը հեղինակություն է` չնայած ընդամենը 8 –րդ դասարանի աշակերտուհի է:

-  Ու՞մ ես ավելի շատ սիրում:

-  Մայրիկին:

-  Իսկ ի՞նչ է ասում մայրիկը,երբ վերադառնում ես մրցուղերթից:

-  Լավ է, որ եկար ,- ասում է, - տանն ես: Եվ որ կարևորն է ` առողջ ես . . .

 Մեզ մոտեցավ մարզիչը: Սիրվարդը ժպտաց.  Այ , հիմա կասի.  << Հերիք է նստես, Էմիրզյան, սկսում ենք ձախ ոտքից . . . >> : Կուվշինկինը մոտեցավ . << Սկսում ենք ձախ ոտքից , Էմիրզյան։

Մենք ժպտացինք >>:

Կարծում ենք ներկայացրած հոդվածը որոշակի տեղեկություններ տվեց անվանի մարզուհու մասին : Թերևս արժե հավելել, որ շնորհալի  աղջկա  բարդագույն ցատկերը վեհություն էին ներշնչում նույնիսկ շատ բան տեսած մասնագետներին : Կարելի է պատկերացնել , թե որքան դժվար էր << ճեղքել >> ռուս ջրացատկորդների պատնեշը , քանիցս առաջինը ճանաչվել ու այդքանից հետո միայն հիմնական գրանցում ստանալ ԽՍՀՄ հավաքականում :

Երևանցի  << ճախրող  ծիծեռնակին >> անհրաժեշտ եղավ առաջինը ճանաչվել միջազգային տասնյակ մրցաշարերում, դառնալ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոնուհի ու նոր միայն իր համար ապահովել մոսկովյան օլիմպիական խաղերի ուղեգիր: 14 –ամյա Սիրվարդն արդարացրեց սպասելիքները` դառնալով հայաստանցի միակ հայուհին, որ արժանացավ օլիմպիական արծաթե մեդալի:

Մեկ տասնամյակ հետո ԽՍՀՄ –ը  փլուզվեց, որի հետևանքով  << ջրազրկվեցին >>  լողավազանները: Երևանի պետական համալսարանում պատմաբանի որակավորում ստացած մարզուհին արդեն հրաժեշտ էր տվել սիրած բնագավառին : Համենայնդեպս, մեր հարցումներից պարզվեց, որ Սիրվարդը բնակություն է հաստատել ԱՄՆ –ում և զբաղվում է այլ գործով: Նրա զբաղմունքի մասին ոչինչ չգիտեն նաև մարզաշխարհի մեր ծանոթ ամերիկահայերը:

 

Սիրվարդ Էմիրզյանը ծնվել է 1966թ․ Երևանում։ Հիմա նա 54 տարեկան է , բայց մեր  հուշապատկերում մնացել է նույն ՝ 15-ամյա  << ճախրող ծիծեռնակը>>։

 

 

Այլ նորություններ