Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Տարին օլիպիական է, իսկ այս առաջնությունը վարկանիշային չէ, այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ մրցակցությունն այստեղ այդքան էլ բարդ լինի:
Առաջինը մրցագորգ են դուրս գալու ազատ ոճային ըմբիշները: Այստեղ Հայաստանի հավաքականը ներկայացել է ոչ լիարժեք կազմով: Մեր ընտրանին Ռիգա է մեկնել առանց 65 կգ քաշային ըմբիշի. թերևս, հավաքականի մարզիչների որոշումն է: Այդ քաշային կարգում Հայաստանի առաջատարը 2013 թվականի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն է, ով այս առաջնությունում կմրցի 70 կգ քաշային կարգում: Մեկ քաշ բարձր հանդես գալը թույլ կտա Սաֆարյանին խնայել ուժերը և գնահատելու իր մարզավիճակը՝ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից առաջ, որտեղ նա կրկին կվերադառնա իր սովորական քաշային կարգ:
Ըստ իս, այս առաջնությունը լավ հնարավորություն էր Եվրոպայի մինչև 23 տարեկանների 2015 թվականի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանին 65 կգ քաշային կարգում փորձարկելու: Առավել ևս, որ նա միջազգային մրցաշարերում այդ քաշային կարգում ներկայանու փորձ ունի: Իսկ 61 կգ քաշային կարգում կարելի էր հնարավորություն տալ երիտասարդ, ոչ այդքան փորձառու ըմբիշի:
57 կգ քաշային կարգի Գարիկ Բարսեղյանը Եվրոպայի այս առաջնությունում մեդալ նվաճելու իրական հնարավորություն ունի: Վերջինս լավ մարզավիճակում է, ինչի մասին վկայում են Բարսեղյանի՝ միջազգային մրցաշարերում նվաճած մեդալները:
Եվրոպայի 2014 թվականի փոխչեմպիոն 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, ով մարզասերներին հայտնի էր իր կամային որակներով, մեծ ցանկության դեպքում մեդալակիր դառնալու հնարավություն ունի: Կարծում եմ՝ այդ կերպ նա կվերադարձի վստահությունն իր ուժերի նկատմամբ, որը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից առաջ նրան շատ անհրաժեշտ է:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը 86 կգ քաշային կարգում վստահել է երիտասարդ ըմբիշ Շամիր Աթյանին: Վերջինս խոստումնալից ըմիշ է և մեկ անգամ չէ, որ մեծահասակների միջազգային մրցաշարերում դիտարժան հաղթանակներ է տարել՝ դրանով իսկ արժանանալով հավաքականի մարզիչների վստահությանն ու հավանությանը:
97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Անդրանիկ Գալստյանը, ով նույնպես երիտասարդ ըմբիշ է, որին դեռևս մրցումային մեծ փորձ է հարկավոր մեծահասակների շարքում:
Հայաստանը ներկայացնող վերջին ըմբիշը 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն է, ով միակն է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի:
Մարտի 12-ին ազատ ոճայիններն իրենց տեղը կզիջեն հունհռոմեական ոճի ըմբիշներին:
59 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է մեր հավաքականի ամենափորձառու ըմբշներից մեկը՝ Ռոման Ամոյանը, ով չնայած կանխատեսումների և վնասվածքների շարունակում է մնալ հավաքականի կազմում և փորձում է անել առավելագույնը՝ երկրի մարզական պատիվը բարձ պահելու համար:
66 կգ քաշային կարգում Եվրոպական առաջին խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը կփորձի նվաճել Եվրոպայի առաջնության ամենաբարձր հարկի մեդալը: Մարզասերները կհիշեն, թե ինչպես դատավորները 2015 թվականին Վեգասում կայացած աշխարհի առաջնության ժամանակ խլեցին Հարությունյանի մեդալը: Կարծում եմ՝ Ռիգայում Հարությունյանը պետք է փորձի հաղթել ոչ միայն մրցակիցներին, այլև՝ մրցավարներին:
71 կգ քաշային կարգում Ռիգայում կներկայանա Վարշամ Բորանյանը: Փորձառու ըմբիշը ևս մեդալի հավակնորդ է, սակայն նրա դեպքում, ինչպես ասում են սպորտային բախտը մեծ դեր է խաղում: Մեկ անգամ չէ, որ Բորանյանը մեկ քայլ հետ է մնացել մեդալից՝ հենց մրցումների ժամանակ վնասվածք ստանալու պատճառով:
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը կնշի երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով իրեն դրսևորելու լավ հարավորություն է ստացել: Այդ քաշային կարգի առաջատար, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նախապատրաստվում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, այդ իսկ պատճառով նպատակահարմար են գտել բաց թողնել Եվրոպայի առաջնությունը:
80 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի 2016 թվականի Թախտիի Գավաթի խաղարկության հաղթող Ռաֆիկ Մանուկյանը, ով մեդալակիր դառնալու մեծ հնարավորություն ունի:
85 կգ քաշային կարգում մեր հույսը Մաքսիմ Մանուկյանն է, վերջինս հայտի է իր հրաշալի գցումներով: Մանուկյանը սակայն մեկ խնդիր ունի՝ սխալ շնչառությունը, եթե նրան հաջողվի այդ խնդիրը նվազագույնի հասցնել, ապա մեդալ նվաճելու հույսերը շատ իրական են դառնում:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ Արթուր Ալեքսանյանը Ռիգա է մեկնում իր չորրոդ ոսկե մեդալի հետևից:
130 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչն է երիտասարդ ըմբիշ Էդգար Խաչատրյանը:
Ասում են՝ սպորտում՝ այն էլ ըմբշամարտում կանխագուշակություններ անելը պարապ բան է, այս դեպքում ասում են՝ գորգը ցույց կտա: Ինձ մնում է միայն հաջողություն մաղթել մեր մարզիկներին և ձեր հետ միասին սպասել մեդալների:
Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Լատվիա, Ռիգա
ՀԱՕԿ լատվության բաժին