Ուկրաինայի Կամենեց –Պոդոլսկ քաղաքում անցկացրած ուսումնամարզական հավաքն ավարտեց ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը:
Զրուցեցինք գլխավար մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ: Ասաց, որ հավաքը ծառայեց նպատակին: Բոլոր ծանրորդները բարելավեցին իրենց արդյունքները:
Սաների մարզավիճակը բարելավելու, << կիլոգրամները ծանրացնելու >>, վարպետությունը հղկելու նպատակով հավաքները կշարունակվեն Երևանում և Աբովյանում: Հավաքականի անդամները ցանկություն ունեն լավ արդյունքներ ցույց տալ Տաշքենդում դեկտեմբերի 7 – 11 –ը կայանալիք աշխարհի առաջնությունում:
Ալավերդյանը գոհ է տղաների աշխատասիրությունից, կարգապահությունից: Ափսոսում է, որ հնարավոր չեղավ բուժել ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների չեմպիոնի կոչումը նվաճած, էջմիածինցի Կարեն Ավագյանի գոտկատեղի վնասվածքը: Այդ պատճառով նա զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:
Ենթադրվում է, որ տաշքենդյան ծանրահարթակ կելնեն մեր ինը տղաներ և մեկ կին մասնակից, եթե, իհարկե, տհաճ անակնկալներ չգրանցվեն:
Մասնագետը նաև ասաց, որ աշխարհի առաջնության ավարտից հետո տեղի կունենա մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հաշվետու – ընտրական գագաթաժողովը: Կքննարկվեն բազմաթիվ հարցեր, որին կհաջորդի նախագահի և ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները:
Վեհաժողովի աշխատանքներին կմասնակցի նաև Փաշիկ Ալավերդյանը: