Սոչիում անցկացվել է սուսերամարտի Եվրոպայի ֆեդերացիայի հոբելյանական ՝ 30 րդ կոնգրեսը: Մասնակցել են 42 երկրների պատվիրակներ / մի քանիսը՝ տեսակապով /:
Համաժողովի մասնակից , ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, գիտությունների դոկտոր - պրոֆեսոր Արմեն Գրիգորյանն ասաց, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, սուսերամարտից օլիմպիական քառակի չեմպիոն Ստանիսլավ Պոզդնյակովը վերընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
Կոնգրեսի պատվիրակները քննարկել են ֆեդերացիայի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր, հաստատել են ֆինանսական հաշվետվությունները:
Որոշվել են 2022թ. կադետների և պատանիների Եվրոպայի առաջնությունների անցկացման վայրերը: Դրանք կկայանան համապատասխանաբար Սերբիայի Նովի Սադում և Էստոնիայի Տալինում , մեծահասակներինը ՝ Անթալիայում: Ի դեպ, ընթացիկ մրցաշրջանում նախատեսված Եվրոպայի առաջնությունը համավարակի պատճառով չեղարկվել է:
Ա. Գրիգորյանը նաև ասաց , որ նոյեմբերի վերջերին, Շվեյցարիայի Լոզան քաղաքում կանցկացվի մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովը: Առայժմ նախագահի միակ թեկնածուն է կազմակերպության գործող ղեկավար, ռուսաստանցի Ալիշեր Ուսմանովը:
Լոզանում հայտնի կդառնան աշխարհի առաջնության և << Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի նշանաբանով անցկացվելիք վարկանիշային մրցաշարերի քաղաքները: