Եվրոպայի համալիր առաջնությունը կկայանա Մյունխենում, 2022թ. օգոստոսին: Մեկնարկից մեկ տարի առաջ, հետհաշվարկով , կազմակերպիչները տոնակատարություններ են անցկացրել: Ցուցադրական ելույթներով հանդես են եկել գերմանացի հայտնի մարզիկները, մշակույթի ներկայացուցիչները:
Միջոցառումը Գերմանիայի ամենամեծ մարզական իրադարձությունը կհանդիսանա վերջին կես դարի ընթացքում և 1972թ. Մյունխենում կայացած ամառային 20 –րդ օլիմպիական խաղերի տարեդարձի տոնակատարությունների գագաթնակետը կդառնա: Ի դեպ, հայերիս համար Մյունխենի օլիմպիական խաղերը նշանակալից են մեր մարզիկների կատարած մեդալների առատ հունձքով: Չեմպիոնի կոչումով Երևան վերադարձավ սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը: Փոխչեմպիոնի արծաթե մեդալին արժանացավ երևանցի մարմնամարզիկ Էդվարդ Միքայելյանը: Նրանց համաքաղաքացիներ, ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Հովհաննես Զանազանյանը և ջրացատկորդ Դավիթ Համաբարձումյանը կանգնեցին պատվո պատվանդանի << բրոնզե աստիճանին >> :
Անդրադառնալով 2022 -ին կայանալիք համալիր խաղերին , ասենք , որ մրցումների զգալի մասը կանցկացվի հենց 1972-ի արդիականացված մարզահամալիրներում , որտեղ հաշվի են առնվել ժամանակակից պահանջները:
Եկող տարի նախատեսված առաջնության 11 օրերի ընթացքում շուրջ 4800 մարզիկ – մարզուհիներ ինը մարզաձեւերում կպայքարեն մեդալների 176 հավաքածուի համար:
Համալիր խաղերի ծրագրում ընդգրկված են աթլետիկա, լողափնյա վոլեյբոլ, կանոէ սպրինտ, հեծանվավազք, մարմնամարզություն, թիավարություն, ժայռամագլցում, սեղանի թենիս և եռամարտ մարզաձևերը:
Եվրոպայի առաջին համալիր առաջնությունը տեղի է ունեցել 2018թ. Գլազգոյում: