Հայաստանի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում քառորդ եզրափակիչ մտած մարզիկների թվում են Հայաստանի ինը ներկայացուցիչներ: Այդ փուլում մեր վարպետներից վերջինը իր համար տեղ ապահովեց Աբովյանում գործող Գագիկ Ծառուկյանի անվան մարզահամալիրի սան, առաջին ծանրքաշային / 92 կգ / Նարեկ Մանասյանը: Նա երեկ, երեկոյան մրցահերթում, մրցեց սլովակ Դավիդ Միխալեկի հետ, մարզիկ, որը հեղինակություն է իր քաշային կարգում, ունի հուսալի պատրաստականություն և մրցավայր էր ժամանել պատվո պատվանդան բարձրանալու նպատակով: Բայց նրա ցանկությունը չիրականացավ, քանզի աբովյանցի մրցակիցը փակեց հերթական փուլն անցնելու նրա ճանապարհը:
Մենամարտի սկզբից զգացվեց, որ կողմերը մարտական են տրամադրված: Նրանցից ոչ մեկը չէր ուզում զիջել: Այլ կերպ էր մտածում Նարեկը: Բնածին օժտված հայ հերկուլեսը, իր անձնական քաշին անհամապատասխան, զարմանալի թեթևությամբ ու հմտությամբ էր տեղաշարժվում ռինգում, իսկ << կայծակնային >> արագությամբ գործածած հարվածները հիմնականում նպատակին էին հասնում:
Խոստովանենք, որ դիմացկունությամբ զարմացրեց, նույնիսկ՝ հիացրեց Միխալեկը: Տպավորություն էր ստեղծվում, որ Նարեկի հարվածներն են թույլ, կամ ՝ սլովակցու նյարդերը, զգայարաններն են անասելի ամուր, պինդ:
Ընդհանրապես ամեն սկիզբ իր վերջն ունի: Անկարելի էր դիմանալ հայ բռնցքամարտիկի մեկը մյուսին չզիջող հարվածաշարերի ուժգնությանը:
Երկրորդ ռաունդի սկզբնամասում առաջին նոկդաունը ստացավ Միխալեկը: Հաջորդեց երկրորդը, ապա ՝ երրորդը և ռաունդի միջնամասում մենամարտը դադարեցվեց:
Հայաստանի հավաքականի և ընդհանրապես մարզասերների ցնծությունը անափ էր. չորս մրցելույթ, չորս հաղթանակ և անկորուստ օր՝ մեր թիմի համար: Իսկ ինչ կտա այսօրը, երբ ռինգ կմտնեն ասպարեզում մնացած բոլոր ինը հայաստանցիները:
Բարեղամ Հարությունյանը / 48 կգ / կմրցի վրացի Սախիլ Ալախվերդովի, Արթուր Հովհաննիսյանը / 51 կգ / ՝ իսպանացի Մարտին Սալվադոր Մոլինայի, Արթուր Բազեյանը / 57 կգ / ՝ թուրք Բաթուհան Չիտֆչիի, Հովհաննես Բաչկովը / 63,5 կգ / ՝ չեխ Պյոտր Նովակի, Գուրգեն Մադոյանը / 67կգ /՝ վրացի Լաշա Գուրուլիի, Ռաֆայել Համբարձումյանը / 86 կգ / ՝ բելգիացի Վիկտոր Շչելստրայետնու, Համբարձում Հակոբյանը / 80 կգ / ՝ խորվաթ Լուկա Պլանտիչի, Նարեկ Մանասյանը / 92 կգ /՝ հունահայ Վահան Նանիջանյանի և Դավիթ Չալոյանը / +92 կգ /՝ իսպանացի Այուբ Ղադֆա Դրիսի հետ:
Հանդիպումները կսկսվեն ժամը 14 . 00 –ից:
Հաղթողները կմտնեն կիսաեզրափակիչ և իրենց համար կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:
Վաղը առաջնությունում հանգստյան օր է, իսկ կիրակի կանցկացվեն կիսաեզրափակիչի մենամարտերը: